Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
7 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: Որոշումը հրապարակված էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Թորոսյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Գևորգ Թորոսյանը բազմամյա փորձառությամբ պրոֆեսիանալ է, որը սովորել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Առևտրի համաշխարհային ինստիտուտում։ Գերազանցությամբ ստացել է միջազգային առևտրի իրավունքի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրերում զբաղվել է տնտեսական զարգացման ծրագրերի գնահատմամբ, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային ոլորտների կարգավորման դաշտի բարելավման և պետական կառավարման թվայնացման հարցերով Հայաստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներում։
«Արմենպրես»-ը ներկայացնում է Թորոսյանի կենսագրությունը:
Գևորգ Թորոսյանը ծնվել է 1977 թ. հուլիսի 7-ին։
1994–1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտել է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
1996–2000 թթ. սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտել է «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։
1999–2002 թթ. գիտահետազոտական աշխատանք է իրականացրել Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2001–2002 թթ.՝ նաև Գերմանիայի Մյունստերի համալսարանում։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսությունը նվիրված է օտարերկրյա ներդրումների ներգրավման ինստիտուցիոնալ խնդիրներին։
2003–2004 թթ. սովորել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Առևտրի համաշխարհային ինստիտուտում։ Գերազանցությամբ ստացել է միջազգային առևտրի իրավունքի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
2004–2011 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։ Խորհրդատվություն է տրամադրել առևտրի դյուրացման, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային բարեփոխումների և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերով։
2005–2010 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում՝ մագիստրոսական ծրագրի շրջանակում վարելով միջազգային տնտեսագիտության և առևտրի, միջազգային տնտեսական իրավունքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավունքի դասընթացներ։
2006–2008 թթ., «Emerging Markets Group» (նախկինում՝ Deloitte Touche Tohmatsu Emerging Markets) ընկերության կազմում անցել է աշխատանքի ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) Հայաստանում ֆինանսական շուկաների զարգացման ծրագրում՝ որպես իրավական և կարգավորման հարցերով խորհրդատու։
2011–2017 թթ., Վաշինգտոնում աշխատել է «Պրագմա» կորպորացիայում՝ որպես ծրագրերի ավագ ղեկավար։ Համակարգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող՝ շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Այդ շրջանակում՝ ղեկավարել է առևտրի և ներդրումների միջավայրի բարելավման և ձեռնարկությունների մրցունակության բարձրացման աշխատանքներ, համակարգել է ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, պետություն–մասնավոր գործընկերության և ներդրումների ներգրավման աշխատանքներ, ապահովել է Հայաստանում ավիացիայի ոլորտի ազատականացման և «բաց երկնքի» քաղաքականության ներդրմանն ուղղված աշխատանքների մասնագիտական կառավարումը:
2017–2023 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու և խորհրդատվական խմբերի ղեկավար։ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրերում զբաղվել է տնտեսական զարգացման ծրագրերի գնահատմամբ, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային ոլորտների կարգավորման դաշտի բարելավման և պետական կառավարման թվայնացման հարցերով Հայաստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիաի երկրներում։
2018–2022 թթ. եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և փաստահեն քաղաքականության մշակման հարցերով։
2021–2022 թթ. եղել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի խորհրդատու՝ ավիացիայի ոլորտի բարեփոխումների հարցերով։ Մշակել է ուսումնասիրություն՝ գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավոր ուղղությունները։
2023–2026 թթ.-ին աշխատել է Վաշինգտոնում գործող «Integra Government Services International» ընկերությունում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Ղեկավարել է ԱՄՆ պետքարտուղարության, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի, ՄԶԳ և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր երկրներում՝ ղեկավարելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով ծրագրեր։
Մասնագիտական գործունեության ընթացքում խորհրդատվություն է տրամադրել ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ ոլորտային քաղաքականության, իրավական կարգավորման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցերով՝ բանկային համակարգի, կապիտալի շուկաների, թվային պետական կառավարման, տեխնոլոգիաների, էներգետիկայի, փոստային ծառայությունների և ավիացիայի ոլորտներում։
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։