Հասարակական

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

14 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Երևանում կայացած կենսաբազմազանության COP17 համաժողովին նվիրված Forbes-ի՝ հատուկ համարում հրապարակվել է ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում առաջատար SPRING PR ընկերության համահիմնադիր, Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հարցազրույցը։ Հարցազրույցում Տաթևիկ Սիմոնյանն անդրադարձել է ռազմավարական հաղորդակցության և բիզնեսի հեղինակության ձևավորման ժամանակակից մոտեցումներին, հանրային վստահության կարևորությանը, ինչպես նաև կայուն զարգացման օրակարգում մասնավոր սեկտորի դերին։

-Վերջին տարիներին ընկերությունների համար ավելի ու ավելի կարևոր է դառնում գաղափարական առաջնորդության (thought leadership) առաջամարտիկի դիրքավորումը։ Ինչպե՞ս եք օգնում բիզնես առաջնորդներին բացահայտել այն գաղափարներն ու թեմաները, որոնց շուրջ նրանք կարող են ձևավորել սեփական հեղինակավոր տեսակետն ու վստահություն ձեռք բերել։

-Մեզ համար գաղափարական առաջնորդի դիրքավորումը սկսվում է մի պարզ հարցից՝ որն է այն ասելիքն ու փորձագիտական գիտելիքը, որով տվյալ առաջնորդը կարող է կիսվել լսարանի հետ։ Խոսքը ոչ թե տվյալ պահին արդիական թեմաներին արձագանքելու, այլ այնպիսի գաղափարներ ու մոտեցումներ ներկայացնելու մասին է, որոնց հիմքում անձի բացառիկ փորձը, խորքային գիտելիքն ու արժեքներն են։ Այսօր աուտենտիկ լինելն այն հիմնական պայմանն է, որի շնորհիվ ձեզ հավատում են։

Որևէ ընկերության հետ մեր աշխատանքը սկսվում է առաջնորդի և այդ բիզնես ուղղության խորքային ուսումնասիրությունից՝ հասկանալու նրանց տարիների կուտակած փորձը, կայացրած որոշումները, հաղթահարած դժվարությունները, արժեքներն ու երկարաժամկետ նպատակները։ Այնուհետև բացահայտում ենք այն թեմաները, որոնց շուրջ տվյալ առաջնորդը կարող է ներկայացնել առանձնահատուկ և արժեքավոր տեսակետ։

Հեղինակությունը հնարավոր չէ ձևավորել միայն տեսանելիության միջոցով։ Այն կառուցվում է առաջնորդի խոսքի, ընկերության իրական գործունեության և շահակիցների հետ ունեցած հարաբերությունների և հետևողականության շնորհիվ։ Մենք օգնում ենք բացահայտել առաջնորդների ուժեղ կողմերը, կուտակած ինստիտուցիոնալ գիտելիքն ու գրանցած արդյունքները, որոնք նաև համադրվում են միջազգային օրակարգի հետ և վերածվում բովանդակային ու ազդեցիկ խոսքի։

Սա հատկապես կարևոր է այսօր, երբ մարդիկ շատ ավելի զգայուն են դարձել արհեստականության նկատմամբ։ Տեղեկատվությամբ գերհագեցած միջավայրում հերթական կարծիքը դեռևս արժեքավոր չէ։ Արժեքավոր է այն տեսակետը, որի հիմքում իրական փորձն ու վստահելիությունն են։

-Գործադիր տնօրենների և ղեկավար անձնակազմի հետ աշխատելիս ինչպե՞ս եք օգնում նրանց հստակեցնել, թե ինչ արժեքներ և գաղափարներ պետք է ներկայացնեն հանրային դաշտում։ Ի՞նչն է տարբերակում ազդեցիկությունը պարզապես տեսանելի լինելուց։

-Առաջնորդները պետք է գիտակցեն, որ ազդեցիկ լինել չի նշանակում ամենուր ներկա լինել կամ արձագանքել բոլոր թեմաներին։ Իրական ազդեցությունը ոչ թե հրապարակումների հաճախականության, այլ հստակ ձևավորված ուղերձների և հետևողականության արդյունք է։ Ուժեղ առաջնորդի հանրային խոսքը պետք է այնքան ինքնատիպ ու ճանաչելի լինի, որ նույնիսկ առանց հեղինակի անունը նշելու հնարավոր լինի հասկանալ՝ ում տեսակետն է այն արտահայտում։

Կա ևս մեկ կարևոր նրբություն․ ազդեցիկ առաջնորդները պատրաստ են պատասխանատվություն ստանձնել իրենց խոսքերի համար։ Տեսանելիության կարելի է հասնել լրատվամիջոցների, սոցիալական հարթակների կամ միջոցառումների միջոցով, բայց իրական ազդեցությունն այն է, երբ մարդիկ վստահում են քո դատողություններին և որոշումներին։

Ինչպես վերջերս նշել էի Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդի հարթակի համար պատրաստված իմ հոդվածում, հաղորդակցությունն աստիճանաբար դառնում է վստահության ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ։ Այս միջավայրում առանցքային են էթիկան, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այլ կերպ ասած՝ ազդեցիկ հանրային խոսքն ու պատասխանատու առաջնորդությունը խթանում են կառուցողական երկխոսությունը, նպաստում երկարաժամկետ վարքագծային փոփոխություններին և լսարանի իրազեկվածությունը վերածում կայուն վստահության։

-Վստահությունն ու աուտենտիկությունն այսօր բրենդների համար առանձնահատուկ արժեք են դարձել։ Ինչպե՞ս են փոխվում Ձեր հաճախորդների ակնկալիքները, և ինչպե՞ս է SPRING PR-ն ադապտացվում այս փոփոխություններին։

-Այսօր հաճախորդներն ավելի հաճախ են դիմում մեզ ոչ թե պարզապես հասկանալու, թե ինչպես հաղորդակցվել այս կամ այն թեմայի շուրջ, այլ գնահատելու, թե ինչպես իրենց գործողությունները կընկալվեն հանրության կողմից և որքանով վստահություն կներշնչեն։

Այլևս հնարավոր չէ հաղորդակցությունը տարանջատել ընկերության իրական վարքագծից և գործունեությունից։ Հետևաբար, մեր դերն ավելի ռազմավարական է դառնում․ մենք վերանայում ենք ընդունված մոտեցումները, բացահայտում հեղինակության հնարավոր ռիսկերը և երբեմն խորհուրդ տալիս ընկերությանը նախ փոխել իր գործողությունները, ապա միայն դրանց մասին հաղորդակցություն վարել։

Սա հատկապես կարևոր է կայուն զարգացման թեմաներով հաղորդակցություն վարելիս։ «Գրինվոշինգը (greenwashing)» (ընկերության բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ չափազանցված պատկեր ստեղծելը) կարող է շատ ավելի արագ ոչնչացնել վստահությունը, քան որևէ արշավ կարող է այն ձևավորել։

Միջազգային PR ասոցիացիայի (IPRA)՝ կլիմայի փոփոխության մասին հաղորդակցության ուղեցույցներում ևս շեշտվում են ազնվության, թափանցիկության, գիտականորեն հիմնավորված տեղեկատվության և բնապահպանական մոլորեցնող պնդումներից խուսափելու սկզբունքները։ Դա շատ մոտ է պատասխանատվության այն ընկալմանը, որ մենք ունենք SPRING PR-ում․ հաղորդակցությունը պետք է կազմակերպություններին դարձնի ավելի հաշվետու, ոչ թե պարզապես ավելի տեսանելի։

Մեր ռազմավարություններում մենք համադրում ենք տվյալների վրա հիմնված հետազոտությունները, շահակիցների հետ շարունակական երկխոսությունն ու ESG (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ) սկզբունքներին համահունչ մոտեցումները։ Մեր նպատակն է օգնել հաճախորդներին ձևավորել բրենդի հեղինակությունն իրական գործողությունների, այլ ոչ թե մակերեսային հաղորդակցական արշավների միջոցով։

-COP17-ը կայուն զարգացման, կենսաբազմազանության և պատասխանատու աճի թեմաներով միջազգային ուշադրությունը կենտրոնացրել էր Հայաստանի վրա։ Ի՞նչ նշանակություն ուներ այս իրադարձությունը Ձեր հաճախորդների համար։

-COP17-ը կարևոր հնարավորություն էր Հայաստանի և հայաստանյան բիզնեսի համար, և մեր խորհուրդն էր ընկերություններին այս իրադարձությանը չվերաբերվել պարզապես որպես հաղորդակցական առիթի։

Կայուն զարգացումը SPRING PR-ի փիլիսոփայության մաս է երկար տարիներ։ Ընկերությունը հիմնադրելիս մենք հավատում էինք, որ ռազմավարական հաղորդակցությունը կարող է նպաստել Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։ Իսկ 2011 թվականին նախաձեռնեցինք մեր երկարաժամկետ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ «Լինենք հոգատար Հայաստան» (Let's Care, Armenia) նախաձեռնությունը։

Ուստի COP17-ին ընդառաջ մեր հիմնական խորհուրդը բիզնեսին հետևյալն էր՝ սկսեք իրական բովանդակությունից։ Ի՞նչ չափելի պարտավորություններ, ներդրումներ, տեխնոլոգիական լուծումներ, գործընկերություններ կամ վարքագծային փոփոխություններ կարող եք ներկայացնել։ Դրանից հետո միայն կարելի է փաստերի և իրական արդյունքների հիման վրա կառուցել հաղորդակցական պատմությունը։

Նման միջոցառումները ոչ թե պարզապես բնապահպանական թեմաներով գովազդային արշավների ալիքի պետք է վերածվեն, այլ դառնան խթան ավելի խորքային և երկարաժամկետ քննարկումների համար, թե ինչպես են հայկական ընկերությունները կայուն զարգացումը ներառում իրենց ռազմավարության, առաջնորդության և ամենօրյա որոշումների կայացման գործընթացներում։

-Կարո՞ղ է COP17-ը դառնալ Հայաստանի միջազգային վարկանիշի և ընկալման համար շրջադարձային իրադարձություն։ Ինչպե՞ս կարող է երկիրն օգտագործել այս ուշադրությունը՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իր ներուժը, մասնագիտական կարողություններն ու հավակնությունները։

-Անշուշտ։ Սակայն երկրի միջազգային հեղինակությունը հնարավոր չէ կառուցել միայն մեկ միջոցառման շուրջ։ Իրական հնարավորությունն այն է, որ COP17-ը Հայաստանի մասին ավելի երկարաժամկետ պատմության հարթակ դառնա։

Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մի Հայաստան, որը ոչ միայն հյուրընկալում է միջազգային քննարկումներ, այլև ինքն է գաղափարներ ու լուծումներ առաջարկում։ Դա նշանակում է միջազգային հարթակներում ավելի տեսանելի դարձնել մեր գիտնականներին, ձեռներեցներին, պատասխանատու բիզնեսներին, տեխնոլոգիական ընկերություններին, բնապահպանական նախաձեռնություններին և երիտասարդներին։

Հայաստանն ունի բացառիկ հարուստ ու յուրահատուկ կենդանական և բուսական աշխարհ։ Լինելով փոքր տարածքով, բայց բնության տեսանկյունից արտասովոր բազմազան երկիր՝ մենք առանձնահատուկ պատասխանատվություն ունենք այս կենսաբազմազանությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հարցում։ Բնության պահպանությունն այլևս միայն պետության պատասխանատվությունը չէ․ այս գործընթացում կարևոր դեր ունի նաև մասնավոր հատվածը։

Հենց այդ պատճառով են կարևոր երկարաժամկետ ու ռազմավարական հաղորդակցությունները։ Բնությունը պահպանելու համար բավարար չէ միայն վարքագիծ փոխելը․ անհրաժեշտ է փոխել նաև մտածելակերպը, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և բնապահպանական գիտակցություն։

Հայաստանն ունի բազմաթիվ ուժեղ պատմություններ, որոնք դեռևս բավարար չափով ներկայացված չեն միջազգային հարթակներում։ COP17-ի նման միջոցառումները մեզ տալիս են միջազգային ուշադրության բացառիկ հնարավորություն։ Մեր խնդիրն է այդ ուշադրությունը վերածել երկարաժամկետ հարաբերությունների, ներդրումների, գործընկերությունների և կայուն միջազգային հեղինակության։

Հետևաբար, կարևոր էր ոչ միայն այն, թե ինչ տեսավ աշխարհը COP17-ի ընթացքում, այլ, թե ինչ պետք է հիշի Հայաստանի մասին այս իրադարձությունից հետո։

-Ձեր անհատականությունն ու անձնական տեսլականն անխուսափելիորեն ազդում են առաջնորդության Ձեր ոճի վրա։ Ինչպե՞ս են դրանք ձևավորել Ձեր դերը SPRING PR-ում, և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ ու ընկերությունը տասը տարի անց։

-Ինձ անձնապես և SPRING PR-ին՝ որպես թիմ, միշտ առաջնորդել է այն համոզմունքը, որ հաղորդակցությունը շատ ավելին է, քան հեղինակության կառավարումը։ Իրական հաղորդակցությունը կապում է մարդկանց, փոխում վարքագիծը, նոր հնարավորություններ է բացում շուկաների համար և ձևավորում ոլորտային մտածողության ու ընկալումների նոր մակարդակ։

Մեր առաջնորդության հիմքում շարունակական կրթության, միջազգային համագործակցության և էթիկական հաղորդակցության զարգացմանը հետևողականորեն նպաստելու ձգտումն է։

SPRING PR-ի հիմնադրումն ու Doing Digital Forum-ի նման նախաձեռնությունների իրականացումը բխում են մեր տեսլականից՝ ոլորտում ձևավորել զարգացման նոր չափանիշներ և միջազգային հարթակներում արժանիորեն ներկայացնել տարածաշրջանի փորձն ու մասնագիտական ներուժը։ Ինձ համար կարևոր է կամուրջներ ստեղծելը՝ Հայաստանի և միջազգային ցանցերի, բիզնեսի և հասարակության, տեխնոլոգիաների և մարդկանց, իսկ ամենակարևորը՝ նորարարության և պատասխանատվության միջև։

Տասը տարի անց SPRING PR-ը պատկերացնում ենք ավելի միջազգային՝ ոչ միայն գործունեության մասշտաբով, այլև գաղափարների, վստահության և գլոբալ ազդեցության առումով։ Այս հավակնությունը մեր ԴՆԹ-ի մասն է․ աշխարհին ներկայացնել «Արտադրված է Հայաստանում» բրենդները՝ փոխելով Հայաստանի և հայկական բիզնեսի վերաբերյալ ընկալումները, միաժամանակ Հայաստան բերել միջազգային բրենդներ, որոնք իրականացնում են մշակութային առանձնահատկություններին համապատասխան հաղորդակցություն։

Հայաստանից դեպի աշխարհ և աշխարհից դեպի Հայաստան․ մենք շարունակելու ենք ընդլայնել այս երկկողմ կամուրջը։ Անձամբ ինձ շարունակում է ոգեշնչել այն գործունեությունը, որն ուղղված է նոր հարթակների ստեղծմանը, մարդկանց միջև կապերի հաստատմանն ու համաշխարհային օրակարգում հայկական արժեքավոր գաղափարների տարածմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում