Հայաստան

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին

7 րոպեի ընթերցում

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ազգային մեկնարկի միջոցառման ընթացքում ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում շարունակաբար աջակցել ՀՀ պատկան մարմիններին և կազմակերպություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշեց, որ Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել գենդերային բռնությանն իրավական և ինստիտուցիոնալ արձագանքն ուժեղացնելու գործում։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Կայուն արդյունքի հասնելու համար կարևոր է այս ջանքերը համադրել խորքային կանխարգելման հետ։ Իրական կանխարգելումը պահանջում է վերջ դնել անպատժելիությանը և փոխել վնասակար սոցիալական նորմերը։ Համատեղ գործողություններով և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին հավատարիմ մնալով՝ մենք կարող ենք երաշխավորել, որ ոչ մի կին կամ աղջիկ անտեսված չի մնա»,- ասաց Ժակոբը։

Նրա դիտարկմամբ՝ միջազգային գործընկեր կառույցները պետք է շարունակեն բարձրաձայնել տվյալ խնդրի մասին և պահանջել ավելի վճռական գործողություններ։

«Կարևոր է, որ մենք հասկանանք, որ խոսքը միայն ընտանիքում կատարվողի մասին չէ, խոսքը միայն առցանցի մասին չէ, այլ առնչվում է մեր առօրյա կյանքի բազմաթիվ տարբեր ոլորտներին։ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԵՄ աջակցությամբ գործարկել են ընտանեկան բռնության դեպքերի գրանցման համար նախատեսված առաջին միասնական թվային համակարգը։ Հայաստանի 2025-28 թվականների գենդերային ռազմավարությունն արդեն իսկ շատ լավն է, կարևոր տարրեր ունի գենդերային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի, խտրականության դեմ պայքարի, միաժամանակ զոհերի պաշտպանությունն ու աջակցությունը ամրապնդելու վերաբերյալ»,- ասաց Ժակոբը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում կարևորեց այն հանգամանքը, որ ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գորշում շահագրգիռ կողմերը համատեղում են իրենց ջանքերը, ինչն իրականում մասն է կազմում ԵՄ հանձնառության՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների այնպիսի միջավայր, որը կնպաստի նրան, ինչին, ըստ էության, արժանի են բոլոր ժողովրդավարական պետությունները և բոլոր մարդիկ։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Մենք ձգտում ենք մի հասարակություն՝ զերծ բռնությունից, որտեղ արժևորվում են մարդկային կյանքն ու արժանապատվությունը։ Եվ մենք արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հստակորեն հանդես ենք գալիս որպես Հայաստանի գործընկերն այս հարցում։ Մենք շատ ամուր գործընկերային հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Ստորագրել ենք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ունենք նաև ռազմավարական օրակարգ, որը ստորագրվել է մեկ տարի առաջ, և որի վրա այժմ կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը։ Կարծում եմ՝ բոլոր շրջանակային փաստաթղթերը կարևոր խթան են հանդիսանում հայ հասարակության, հայաստանյան հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ կենտրոնանալու և իրականացնելու այն, ինչին նրանք հանձնառու են եղել իրենց գործունեության ընթացքում»,- ասաց Մարագոսը։

Նա հավելեց, որ իրենք տեսնում են այն մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական միության անդամ պետություններում։

«Սա էլ ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը՝ միաժամանակ ցույց տալով, թե որքանով են մարդիկ հանձնառու այս գործին։ Այս համատեքստում մենք մի շարք ծրագրեր ունենք։ Ներկայում գործող ամենակարևոր ծրագրերից մեկը «ԵՄ-ն՝ հանուն գենդերային հավասարության» ծրագիրն է։ Այն տարածաշրջանային ծրագիր է, որը ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ։ Շեշտադրումը կատարվում է թե՛ հասարակության, թե՛ ինստիտուցիոնալ մոտեցման վրա։ Այդ երկու տարրերը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Իհարկե, հաստատություններն ավելի մեծ ու կարևոր դեր ունեն, սակայն պետք է նաև ապահովել, որ սա դիտարկվի որպես յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվություն»,- ասաց Մարագոսը։

ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շատ կարևոր դեր է խաղում ընտանեկան բռնության դեմ պայքարում, որովհետև դա գտնվում է ԵԽ մանդատի առանցքում։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Այս հարցում մեր ուղենիշը Ստամբուլյան կոնվենցիան է, որը հստակ չափորոշիչներ է սահմանում ընտանեկան բռնության կանխարգելման, հետապնդման և այդ երևույթի դեմ համակարգված գործողությունների իրականացման վերաբերյալ։ Հայաստանը մի քանի տարի առաջ ստորագրել է կոնվենցիան, սակայն դեռևս չի վավերացրել այն։ Այնուամենայնիվ, մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալում՝ իրականացնելով գործողությունների ծրագիրը, որը կիրառվում է Հայաստանում։ Մենք համագործակցում ենք իշխանությունների, քաղհասարակության և ոլորտի մասնագետների հետ՝ կարողությունների զարգացման, իրազեկվածության բարձրացման և կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանեցման ուղղությամբ։ Կարող եմ հաստատել, որ այս ոլորտում իրական առաջընթաց ենք արձանագրել»,- ասաց Լոնգանգեն

Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրներին, ինչը, նրա խոսքով, շատ ողջունելի է։ Լոնգանգեի պնդմամբ՝ օրենսդրության ընդունման դեպքում կներդրվեն պաշտպանության ավելի ուժեղ մեխանիզմներ, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող՝ որպես առանձին հանցակազմ սահմանող դրույթ։

«Մեր աշխատանքներում դուրս ենք գալիս օրենսդրական և իրազեկմանն առնչվող հարցերի շրջանակից, զբաղվում ենք նաև կանխարգելմամբ՝ հատկապես կենտրոնանալով կրկնահանցագործությունների կամ ընտանեկան բռնության դեպքերի կրկնվելու խնդրի վրա։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համատեղ մենք աջակցեցինք ընտանեկան բռնություն գործադրող անձանց համար նախատեսված՝ իր տեսակի մեջ առաջին միջամտության ծրագրի ստեղծմանը։ Լավ օրենքները լավն են միայն այն դեպքում, երբ դրանք հանգեցնում են իրական փոփոխությունների ընտանեկան բռնության զոհերի համար։ Խոսքը նրա մասին է, որպեսզի օգնության դիմելիս՝ նրանք կարողանան անվտանգ ստանալ այդ օգնությունը և արժանանան պետական ​​կառույցների կողմից վճռական արձագանքի»,- ասաց Լոնգանգեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում