Կրթություն

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

5 րոպեի ընթերցում

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Երևանում ազդարարվեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ «Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» խոշոր նախագծի մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնական նպատակներն են Արևելյան գործընկերության երկրներում գիտական ներուժի զարգացումը, տարածաշրջանի առաջատար բուհերում միջգիտակարգային արհեստական բանականության հետազոտական գերազանցության հաբերի ու կենտրոնների ստեղծումը, թվային ենթակառուցվածքների զարգացման միջոցով եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրումը։

Այս նախագծի շրջանակում կգործակցեն Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 գիտահետազոտական ու բարձրագույն կրթության հաստատություններ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Թբիլիսիի պետական համալսարանը (TSU) և Մոլդովայի տեխնիկական համալսարանը (UTM)։

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բարձր մրցունակության մրցույթի արդյունքում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ ներկայացված նախագիծը ֆինանսավորման է արժանացել։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

«Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով 4 տարի տևողությամբ այս նախագիծը միավորում է 13 գործընկեր կազմակերպությունների։ Կարևորում եմ, որ Հայաստանի կողմից ներկայացված է նաև Երևանի պետական համալսարանը։ Սա ևս մեկ վկայություն է, որ բարձրագույն կրթությունը, գիտությունը և հետազոտությունը միասին են ձևավորում կարևոր արժեքներ մեր պետության և ժողովրդի համար։ Այս նախագիծը Հայաստանի և Եվրոպական միության գիտակրթական գործակցության հետևողական զարգացման արդյունքներից մեկն է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը հույս հայտնեց, որ նախագծի ավարտին ոչ միայն կլինեն առաջատար հետազոտական արդյունքներ, այլև ավելի ուժեղ գիտական հաստատություններ և երկարաժամկետ գործընկերային կապեր եվրոպական առաջատար համալսարանների հետ։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր ելույթում շեշտեց, որ այս նախագծի իրագործումը կնպաստի հետազոտական ինստիտուտների մրցունակության բարձրացմանը։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

«Այս տարի Հայաստանը շատ կարևոր իրադարձություններ է հյուրընկալում։ Այս միջոցառմանը զուգահեռ Հայաստանում ընթանում է COP17 համաժողովը, որի ընթացքում բարձրաձայնվում են տարբեր ոլորտների առնչվող խնդիրներ։ Այս նախագծի շրջանակում մենք կարող ենք գիտական լուծումներ առաջարկել այդ խնդիրների լուծման համար։

Նաև պետք է շեշտեմ՝ ԵՄ-Հայաստան գործակցության շրջանակում մենք կարևոր շեշտադրում ենք արել բարձր տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտների զարգացման և տաղանդների բացահայտման վրա»,- նշեց Վասիլիս Մարագոսը։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

Երևանը գիտական նորարարությունների քաղաքի է վերածվում, իր ելույթում շեշտեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

«Ուրախ եմ, որ արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման միջոցով կարող ենք կամրջել մեր երկրների գիտահետազոտական ինստիտուտները։

Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան չունեն նավթագազային մեծ ռեսուրսներ, բայց մեր երկրները հարուստ են գիտակրթական ներուժով։ Նմանատիպ ծրագրերը կօգնեն մեզ ավելի արագ լուծել ապագա խնդիրները։ Շատ կարևոր է, որ ապագայում շատ խնդիրներ լուծվեն գիտական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական»,- ընդգծեց Գեորգի Շարվաշիձեն։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց մասնակցությունն այս ծրագրին հնարավոր չէր լինի՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված բացառիկ հաշվարկային հզորությամբ նոր գերհամակարգչի գործարկման։

«Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը

«Այս գերհամակարգչի գործարկումը մեր գիտական հանրույթին թույլ կտա ավելի խորանալ արհեստական բանականության շուրջ տեղի ունեցող հետազոտական գործընթացներում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք այս նախագիծն իրագործում ենք Վրաստանի և Մոլդովայի մեր գործընկերների հետ միասին։ Եվ պետք է ընդգծեմ եվրոպացի մեր գործընկերների կարևոր աջակցությունը։ Նման նախագծերի իրագործման շնորհիվ ձևավորվում են նոր կապեր և գործակցություններ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս նախագծի ամբողջ ֆինանսավորումը կիրականացնի Եվրոպական միությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում