Գենետիկ հետազոտություններից մինչև անհատական բուժման մոդելավորում. Միջազգային աշխատաժողով՝ Երևանում
11 րոպեի ընթերցում

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 16-ին մեկնարկեց «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» խորագրով միջազգային երկօրյա աշխատաժողովը, որի բազմազգ մասնակիցները ներկայացնում են գենետիկայի ոլորտում տարբեր երկրներում իրականացվող ուսումնասիրությունները և մշակումների կիրառումը բժշկությունում:
Օրակարգում ներառված են զեկույցներ բազմաթիվ հետաքրքիր աշխատանքների, այդ թվում՝ հայկական գենոմի ուսումնասիրության նախագծի, Հայաստանում բնակչության գենետիկական ուսումնասիրությունների պատմության, Եվրոպայի բնակչության գենոմային հետազոտությունների նախագծի, առողջապահության, հիվանդությունների կանխարգելման ոլորտներում գենետիկական տեղեկատվության կիրառման, մարդու գենետիկայի ծրագրի կառավարման, տարբեր երկրներում գենոմային ուսումնասիրությունների արդյունքների, գենոմիկայի զարգացման և դրա նշանակության վերաբերյալ:
Առանձնակի ուշադրություն է դարձվելու մոլեկուլային բժշկության դարաշրջանում քաղցկեղի բուժման զարգացման միտումներին: Ներկայացվելու են նաև վերարտադրողական առողջության ոլորտում «Illumina» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լուծումները: Ի դեպ, վերջինս աշխատաժողովի գործընկերներից է, ինչպեսև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ու Ասիայի գիտությունների ակադեմիաների և ընկերակցությունների ասոցիացիան (Association of Academies and Societies of Sciences in Asia, AASSA):
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ AASSA-ի տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Մասնակցում են առաջատար հետազոտողներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ուզբեկստանից, ԱՄԷ-ից, Ղազախստանից, Կորեայից:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը բացման խոսքում կարևորեց նման աշխատաժողովի անցկացումը Հայաստանում:
«Բնակչության գենոմիկան ժամանակակից գիտության և բժշկության մեջ հետզհետե ավելի մեծ կարևորություն ձեռք բերող ոլորտ է։ Մարդկային պոպուլյացիաների գենետիկական բազմազանության ուսումնասիրությունն էական նշանակություն ունի գիտելիքի զարգացման, առողջապահական ծառայությունների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման առավել արդյունավետ ու արդարացի մոտեցումների մշակման համար։ Առանձնահատուկ կարևոր է, որ տարբեր աշխարհագրական տարածաշրջաններ և տարբեր ծագում ունեցող բնակչության խմբերը պատշաճ կերպով ներկայացված լինեն գենոմային հետազոտություններում»,- նշեց Արամ Պապոյանը։

Նա ընդգծեց, որ այս աշխատաժողովն ավելին է, քան գիտական գիտելիքների և հետազոտական փորձի փոխանակման հնարավորությունը։ ԳԱԱ փոխնախագահի գնահատմամբ՝ սա գլոբալ առողջապահական հավասարության հարցերը քննարկելու, ընդհանուր մարտահրավերները բացահայտելու, տարբեր տեսակետներ ներկայացնելու և ուսումնասիրելու միջազգային կարևոր հարթակ է, որը կոչված է ցույց տալու, թե գիտական համագործակցությունն ինչպես կարող է նպաստել նրան, որ գենոմային հետազոտությունների և առողջապահության ոլորտում ձեռք բերված արդյունքները հավասարապես հասանելի դառնան աշխարհի տարբեր բնակչության խմբերին։
Արամ Պապոյանն արձանագրեց՝ սա ՀՀ ԳԱԱ և AASSA-ի միջև համագործակցության առաջին նախաձեռնությունն է նման ձևաչափով, որը կարող է ազդարարել երկարատև ու արդյունավետ գործընկերության մեկնարկը։ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը համոզված է, որ աշխատաժողովը կդառնա արդյունավետ քննարկումների, գաղափարների և փորձի փոխանակման հրաշալի հարթակ՝ ստեղծելով նոր նախաձեռնությունների և միջազգային գիտական համագործակցության զարգացման հնարավորություններ:
AASSA-ի նախագահ Ահմետ Նուրի Յուրդուսևը նշեց, որ իր ղեկավարած կազմակերպության և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցությունը 2014 թվականից հետո որոշակիորեն պասիվացել էր: Ըստ նրա՝ AASSA-ն կողմ է քվեարկել Հայաստանում նման աշխատաժողովի անցկացմանը՝ ներկայացված թեման համարելով հրատապ և կարևոր: Նշվեց նաև, որ հայաստանցի գիտնականները կարող են դիմել AASSA-ի աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին ներգրավվելու համար:

ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Ռուբեն Հարությունյանը ողջունելով Հայաստանում միջազգային աշխատաժողովի անցկացումը՝ նշեց, որ հայ գիտնականները նշանակալի ներդրում ունեն գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։
«Հայաստանը նաև առանձնահատուկ նշանակություն ունեցող վայր է մարդու ծագման, էվոլյուցիայի և գենետիկական բազմազանության վերաբերյալ քննարկումների համար։ Գտնվելով մայրցամաքների, քաղաքակրթությունների և միգրացիոն ուղիների խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհն իր բարձր սեյսմիկ ակտիվությամբ, ցամաքային կլիմայով և մեկուսացված բնակչության խմբերով նախապատմական ժամանակներից ի վեր կարևոր դեր է խաղացել մարդկության պատմության մեջ։ Հայաստանում կատարված հնագիտական հայտնագործությունները կարևոր նոր տվյալներ են հաղորդել մարդկային տեխնոլոգիական զարգացման և ճանաչողական կարողությունների էվոլյուցիայի վերաբերյալ։ Այս հայտնագործությունները վկայում են, որ մեր նախնիները ոչ միայն հարմարվում և գոյատևում էին փոփոխվող միջավայրի պայմաններում, այլև հանդես էին գալիս որպես նորարար և ստեղծագործ մտածողությամբ օժտված անհատներ, որոնք ունակ էին գտնելու բարդ խնդիրների լուծումներ։ Հայկական լեռնաշխարհը լայնորեն ճանաչված է նաև որպես երկրագնդի կարևորագույն երկրագործական կենտրոններից մեկը։ Այս տարածաշրջանը նշանակալի դեր է ունեցել մշակաբույսերի ընտելացման պատմության մեջ. այստեղ հանդիպում են բազմաթիվ մշակովի բույսերի վայրի ցեղակիցները։ Տարածաշրջանը սերտորեն կապված է նաև խաղողի վազի վաղ ընտելացման հետ»,- ասաց Ռուբեն Հարությունյանը:
Նա նշեց, որ գիտնականների պատասխանատվությունը հավասարապես տարածվում է նաև ներկայի ուսումնասիրության և ապագայի ձևավորման վրա։ Հայաստանում, ըստ Հարությունյանի, ինչպես և բազմաթիվ այլ երկրներում, բնակչությանն առանձնահատուկ գենետիկական տարբերակների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ժառանգական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար։
«Որպես օրինակ կարելի է նշել ընտանեկան միջերկրածովյան տենդով (FMF) կամ պարբերական հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ հիվանդության հետ կապված գենետիկական պոլիմորֆիզմների և մուտացիաների առանձնահատկությունների բացահայտումը։ Սա ոչ միայն ազգային, այլև միջազգային բժշկական խնդիր է, որն առնչվում է մի շարք ժողովուրդների։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են հիմնարար գենոմային հետազոտությունները վերածվել իրական և գործնական նշանակություն ունեցող արդյունքների՝ նպաստելով առողջապահության զարգացմանը»,- ասաց նա։
Հարությունյանը կարևորեց ժամանակակից հետազոտություններում արհեստական բանականության դերը, որը գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի հետ համադրությամբ աննախադեպ հնարավորություններ է ստեղծում հանրային առողջապահության բարելավման և գլոբալ առողջապահական հավասարության խթանման համար։
ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդության ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ աշխատաժողովը հետաքրքիր է այն առումով, որ նվիրված է գիտականորեն առավել քիչ ուսումնասիրված ազգերի գենետիկային:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատաժողովը նվիրված է տարբեր երկրներում իրականացվող գենետիկական հետազոտությունների ծրագրերին, բժշկության մեջ դրանց կիրառմանը, էթիկական և այլ բնույթի խնդիրների քննարկմանը։
«Կենսաբժշկության և բժշկության մեջ ժամանակակից միտումներն ուղղված են դեպի անձնավորված և ճշգրիտ բժշկություն: Դա թույլ է տալիս ընտրել բուժման առավել արդյունավետ եղանակները՝ հիմնվելով տվյալ մարդու վերաբերյալ գենետիկական տեղեկատվությունից կամ գենետիկական ֆոնից: Բացի դրանից, գենետիկական հետազոտությունները թույլ են տալիս կառավարելի դարձնել գենետիկական հիվանդությունների զարգացման ռիսկերը: Օրինակ, նախապես կանխատեսել և հաշվարկել ամուսինների և նրանց ապագա երեխաների մոտ հիվանդությունների զարգացման հնարավոր ռիսկերը ու իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու քայլեր։ Այսօր գենետիկական հետազոտություններն առողջապահական համակարգին թույլ են տալիս նաև ավելի ճիշտ պլանավորել այն ռեսուրսների օգտագործումը»,- ասաց Արսեն Առաքելյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում վերարտադրողական գենետիկայի մասով իրականացվում են աշխատանքներ, որոնք հիմնականում ունեն կլինիկական նշանակություն և արվում են համաձայն միջազգային ընդունված ուղեցույցների։
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանը Եվրոպական միության խոշորագույն պոպուլյացիոն գենոմիկայի ծրագրի՝ «Եվրոպական գենոմ» (Genome of Europe - GoE) նախաձեռնության ասոցացված անդամ է՝ մասնակցելով համաեվրոպական մակարդակով իրականացվող հետազոտական նախագծերին: Ներկայում աշխատանքներ են ընթանում գենոմային տվյալների փոխանակման ֆորմատների և տեխնոլոգիաների մշակման վերաբերյալ: Նպատակն է հասկանալ, թե ինչպես կազմակերպել գործընթացը, որպեսզի գիտական հետազոտություններին զուգահեռ պաշտպանվի գենոմային տվյալների գաղտնիությունը:
Ուզբեկստանի գիտությունների ակադեմիայի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի Մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Ալիշեր Աբդուլաևը «Արմենպրես» -ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աշխատաժողովի խորագիրը բավականին հրատապ է, քանի որ գենոմային հետազոտություններն արդեն ավելի հասանելի են դառնում նաև միջին և ցածր եկամուտների մակարդակով երկրների համար ու նաև հետզհետե գործնական կիրառում են ստանում բժշկությունում:
