Քաղաքականություն

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

7 րոպեի ընթերցում

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters» (ESIND) միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցեցին Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 հետազոտողներ և գիտնականներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։ 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ համաժողովի անցկացումն ինքնին վկայում է այն մասին, որ գիտական համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա ազգային ու տարածաշրջանային սահմաններից, հատկապես այնպիսի տարածաշրջանների ուսումնասիրության դեպքում, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը։

«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի բացման արարողությունը

«Մենք համոզված ենք, որ համատեղ գիտական աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն տարբեր երկրների, այլև տարբեր գիտակարգերի, մեթոդաբանությունների և գիտական ավանդույթների երկխոսություն։ Այս համատեքստում Արևելագիտության ինստիտուտը կարող է հանդես գալ որպես այդ երկխոսության բնական հարթակ, իսկ երբեմն նաև կապող կամուրջ։ Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի, քրիստոնեական և իսլամական քաղաքակրթական աշխարհների շփման գոտում։ Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի պատմությունը դարեր շարունակ զարգացել է տարածաշրջանի տարբեր ժողովուրդների, պետությունների, կրոնական և մշակութային համակարգերի հետ սերտ փոխազդեցության պայմաններում, հետևաբար Արևելքի ուսումնասիրությունը մեզ համար երբեք չի եղել միայն հեռավոր տարածաշրջանների պատմության ուսումնասիրություն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»,- նշեց Իսկանդարյանը։

Նրա հավաստմամբ՝ Արևելագիտության ինստիտուտի գործունեության բազմազանությունն աշխատակիցներին հնարավորություն է տալիս տարածաշրջանային գործընթացներին մոտենալ ոչ միայն մեկ գիտակարգի կամ մեկ ժամանակաշրջանի տեսանկյունից, այլև համադրել պատմագիտական, աղբյուրագիտական, քաղաքական, սոցիալական, մշակութաբանական և աշխարհաքաղաքական մոտեցումները։

«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատմական, քաղաքական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական գործընթացները մշտապես հատվում են։ Սա Արևելագիտության ինստիտուտին հնարավորություն է տալիս եվրոպական հետազոտական ցանցերին առաջարկել Հարավային Կովկասի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի վերաբերյալ տեղայնացված գիտելիք և մասնագիտական փորձառություն։ Մենք համոզված ենք, որ Եվրոպական գիտական տարածքի և Հարավային Կովկասի միջև գիտական կապերի ամրապնդումը կարող է ստեղծել նոր գիտելիք, նոր հետազոտական օրակարգեր և նոր հնարավորություններ։ Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է այդ գործընթացում հանդես գալ ոչ միայն որպես մասնակից, այլև որպես գործընկեր, նախաձեռնող և գիտական հարթակ»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության ղեկավար Անահիտ Կարապետյանը նշեց, որ համաժողովի կազմակերպման վայրի ընտրությունը պատահական չէ, քանզի այն ուղղակիորեն կապված է հայ և հնդիկ ժողովուրդների միջև առկա կապերի ու շփումների հետ, որոնք սկիզբ են առնում դեռևս նախապատմական ժամանակներից։

«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի բացման արարողությունը

«Այդ կապերը չէին սահմանափակվում միայն առևտրով կամ Հնդկաստանում հայ վաճառականների հաստատմամբ։ Դրանք ներառում էին նաև մշակութային առնչություններ, ավանդույթներ և մտավոր կյանքի՝ մասնավորապես հայկական մտավոր մտքի զարգացում։ Ինչպես շատերդ գիտեք, հենց Հնդկաստանում է տպագրվել առաջին հայկական պարբերականը, և այնտեղ է մշակվել նաև հայկական առաջին սահմանադրությունը։ Այսպիսով՝ առկա են բազմաթիվ շփումներ ու կապեր, և ժամանակին Հնդկաստանում գործել է շատ աշխույժ ու ծաղկուն հայկական համայնք։ Ցավոք, ներկայում այդ համայնքն այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն հայերը դեռևս զգալի ներկայություն ունեն Հնդկաստանում՝ շնորհիվ այնտեղ պահպանված պատմամշակութային ժառանգության, և երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը՝ այդ ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատարության համար»,- նշեց Կարապետյանը։

Նա հավելեց, որ հայկական կողմն այժմ աշխույժ հարաբերություններ ունի հնդիկ գործընկերների հետ, և դրանց շրջանակը բավականին լայն է՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական կապեր՝ շեշտելով, որ Հայաստանը Հնդկաստանի հետ հարաբերությունները դիտարկում է երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից։

Կարապետյանը հիշեցրեց, որ Հնդկաստանի հետ հայերին կապող մեկ այլ օղակ է հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատրյանը, ով էլ ավելի զարգացրեց այդ կապերը։ Նա մի քանի անգամ մեկնել է Հնդկաստան և փաստացի ապրել է այդ քարանձավներում։ Այնտեղ կան բազմաթիվ որմնանկարներ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն հին հնդկական մշակույթի և արվեստի տեսանկյունից։

ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոս Ադիթյա Կումար Պանդեյն իր հերթին նշեց, որ պատմականորեն Հայաստանը ծառայել է որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և մտավոր ավանդույթների միջև, ուստի այն չափազանց նպաստավոր հարթակ է երկխոսության, ինչպես նաև Եվրոպայում Հնդկաստանի ընկալման, ներկայացման և առնչության բազմազան դրսևորումների քննարկման համար։

«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի բացման արարողությունը

«Հնդկաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն ունեն շատ երկար և հետաքրքիր պատմություն։ Մեր հասարակությունների փոխառնչությունները խթանել են հետաքրքրությունը՝ հանգեցնելով գիտական ​​փոխանակումների և Հնդկաստանի ու հնդկական քաղաքակրթության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը ուրախ է, որ այս միջոցառման կազմակերպումը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ միաժամանակ խրախուսելով Հնդկաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական և մշակութային արդյունավետ փոխանակումները»,- նշեց դիվանագետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում