Մշակույթ

ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհուրդ» միջազգային կազմակերպության (International Council for Traditions of Music and Dance / ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի միջազգային սիմպոզիումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

ICTMD-ն էթնոերաժշտագիտության ոլորտի առաջատար միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում և որի գործունեությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 120 երկիր։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ին (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-ին հարկ, նիստերի դահլիճ)։ Սիմպոզիումն իր աշխատանքները կշարունակի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և կտևի մինչև սեպտեմբերի 12-ը։

Սիմպոզիումը գիտությունը կծառայեցնի մարդասիրությանն ու ազգային շահերին՝ երաժշտության միջոցով բարձրացնելով մարդու իրավունքների, մշակութային ինքնության պաշտպանության և պատմական արդարության հարցերը: Կքննարկվեն էթնիկ, մշակութային ու լեզվական փոքրամասնությունների երաժշտական ավանդույթների պահպանման հարցեր:

Սիմպոզիումի աշխատանքներին կմասնակցի շուրջ 90 վաստակաշատ գիտնական և երիտասարդ հետազոտող աշխարհի 33 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Խորվաթիայից, Կանադայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նոր Զելանդիայից, Չեխիայից, Չինաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից՝ ներկայացնելով շուրջ 65 հեղինակավոր համալսարան ու գիտական հաստատություն։

Սիմպոզիումի կազմակերպիչներն են ICTMD-ը, ՀՀ ԳԱԱ-ն և Արվեստի ինստիտուտը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Կայթ մշակութային հանգույց» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Սիմպոզիումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

Սիմպոզիումի պաշտոնական կայքը՝ այստեղ։

Սիմպոզիումի առաջին օրվա աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով՝ հետևյալ հղումով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում