Գիտություն

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

2 րոպեի ընթերցում

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

«Nature Partner Journals – Heritage Science» միջազգային գիտական հարթակում լույս է տեսել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի հեղինակած «Վիշապների դարաշրջանի ունիտար հասարակությունը Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. մոտ 4000 թվական. տվյալների վերլուծության հետևությունները» («Vishap epoch unitary society in Armenian Highlands, c. 4000 BC: data analysis cosequences») հոդվածը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան։

Սա Heritage Science-ի երկրորդ անդրադարձն է հայկական վիշապաքարերին։ 2025 թվականին հրապարակվել էր նույն հեղինակների պատրաստած «Վիշապ քարակոթողները՝ որպես Հայկական լեռնաշխարհի նախապատմական պաշտամունքային հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնաբանություն» («Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation») հոդվածը, որն արժանացել էր լայն արձագանքի։

Նոր հոդվածը նախորդի շարունակությունն է՝ համալրված լրացուցիչ վիճակագրական վերլուծությամբ և ներկայացված ավելի մեծ դարաշրջանի հասարակական համատեքստում:

Նշվում է, որ առաջին հոդվածում հեղինակները վիշապաքարերի տվյալների վիճակագրական վերլուծությամբ ցույց էին տվել, որ դրանք սերտորեն կապված են եղել մեծ ռեսուրսներ պահանջող, սակայն ոչ ուտիլիտար պաշտամունքային երևույթի՝ ջրի պաշտամունքի հետ, քանի որ առնչված են եղել բարձրլեռնային աղբյուրների, նախապատմական ոռոգման համակարգերի հետ:

Ներկայիս անդրադարձում արձանագրվում է, որ Հայկական բարձրավանդակում վիշապների դարաշրջանը բնորոշվել է ունիտար՝ կազմակերպված հասարակությամբ, որն ի վիճակի է եղել ապահովել մեծ ռեսուրսներ պահանջող ջրի պաշտամունքի իրականացումը և լեռնային ընդարձակ ոռոգման համակարգերի շահագործումը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում