Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին
4 րոպեի ընթերցում

Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը» գիտական սրճարանի (Science Café) ձևաչափով հանդիպմանը գենետիկայի ոլորտի գիտնականները ներկայացրել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրությունները։
Միջոցառումը վարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։
«Հայաստանն ունի ամուր գիտական ներուժ մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի, գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության և էկոլոգիական գենետիկայի ոլորտներում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Հարությունյանի խոսքերն են մեջբերված ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Պրոֆեսորն իր խոսքում կարևորել է Հայաստանի և արտերկրի գիտական կառույցների միջև ձևավորված ակտիվ գործընկերությունն ու համատեղ հետազոտական ծրագրերը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրել է հայկական գենոմի ուսումնասիրությունները, որոնք ավելի քան երկու տասնամյակ իրականացվող գիտական հետազոտությունների արդյունք են։ Նա անդրադարձել է հայկական բնակչության գենետիկական առանձնահատկություններին, ծագումնաբանական հետազոտություններին և բացատրել, թե ինչպես են գենոմային ուսումնասիրություններն օգնում ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի պատմական ձևավորումն ու գենետիկական ժառանգությունը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ռոքսանա Զախարյանը խոսել է մի շարք կարևոր նախագծերի մասին, այդ թվում՝ AMADEE 24 Մարսի անալոգային առաքելության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, Միջերկրածովյան ընտանեկան տենդի գենետիկական հետազոտությունների և գենոմի խմբագրման ժամանակակից տեխնոլոգիաների ու դրանց զարգացման հեռանկարների։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները։ Նա ընդգծել է, որ այս հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեղական խաղողի սորտերի պահպանման, գենետիկական բազմազանության գնահատման, արժեքավոր գենետիկական ռեսուրսների բացահայտման համար։
«Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ ինտերակտիվ հանդիպումն անցկացվել է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում (European Researchers’ Night in Armenia (ERNA) նախագծի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամը։