Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ
6 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, Campus Cyber-ը և Expertise France-ը Digitec 2026-ի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և ակադեմիական շրջանակներին՝ համատեղ աշխատանքը խթանելու և նրանց միջև գործակցությունն ամրապնդելու համար։
Հայաստանի ԲՏԱԱԲ նախարարությունը կղեկավարի նախաձեռնությունը՝ ըստ առաջնահերթությունների համակարգելով պետական կառույցների հետ աշխատանքը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն իր ելույթում ընդգծել է, որ կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այն պահանջում է տարբեր կառույցների գործակցություն և գիտելիքի փոխանակում։

«Այս նախաձեռնությունը կարևոր հնարավորություն է՝ մեկտեղելու ջանքերը և ոլորտի մասնակիցների միջև առավել սերտ գործակցություն ձևավորելու համար։ Մեզ համար սկզբունքային է, որ գործակցությունը հիմնված լինի Հայաստանի կարիքների վրա և իրականացվի հայկական կողմի առաջնորդությամբ»,- ասել է Դավիթ Թադևոսյանը։
Campus Cyber-ի նախագահ Ժոֆրե Սելեստեն-Ուրբենն էլ վստահեցրել է, որ մեծապես կաջակցեն Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտացված կենտրոնների ձևավորման գործում։

«Հաշվի առնելով կիբեռանվտանգության ոլորտում տեղի ունեցող արագ փոփոխությունները՝ Campus Cyber-ը կարևորում է իր փորձի, մասնագիտական գիտելիքի ներդրումը՝ Հայաստանում կիբեռանվտանգության պետական և մասնավոր հատվածների միջև գործակցությունն ընդլայնելու և ոլորտի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով»,- նշել է Ժոֆրե Սելեստեն-Ուրբենը։
Expertise France֊ ի EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթն էլ պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու հայ, ֆրանսիացի և եվրոպացի մասնագետների միջև միջև կապերի հաստատմանը։

«Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք տեղական ներուժը կապում են միջազգային փորձի և գիտելիքի հետ։ EU4Innovation East ծրագրի շրջանակում մեր նպատակն է աջակցել հայաստանյան գործընկերներին՝ ընդլայնելու գործակցությունը ֆրանսիական և եվրոպական կառույցների հետ, ստեղծելու նոր մասնագիտական կապեր և հիմք դնելու երկարաժամկետ գործընկերության համար»,- ասել է Ժյուլիեն Շմիթը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն էլ նշել է, որ այս գործակցությամբ նոր փուլ է սկսվում Ֆրանսիայի և Հայաստանի միջև կիբեռանվտանգության ոլորտում ձևավորված ավելի լայն գործընկերության շրջանակում։ Էսկյուդիեն հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները ստորագրել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում գործակցության մասին հռչակագիր:

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացման գործում՝ փոխանցելով Campus Cyber-ի փորձն ու գիտելիքը: Ընկերությունների, հետազոտողների, կրթական և վերապատրաստման հաստատությունների, նաև պետական կառույցների գործակցությունը հնարավորություն կտա համատեղել առկա ներուժը՝ այն վերածելով ոլորտի զարգացմանն ուղղված ընդհանուր կարողությունների:
Եվրոպական միության հետ գործակցությամբ մենք ակնկալում ենք աջակցել Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան նախաձեռնությունների իրականացմանը, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն մասնագիտական հմտությունների զարգացման, նորարարության խթանման և կիբեռանվտանգության ոլորտում մեր երկրների մասնագիտական համայնքների միջև ավելի սերտ կապերի հաստատման համար»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ շեշտել է՝ թվային փոխակերպման հիմքում վստահությունն է, մարդիկ և բիզնեսը պետք է վստահություն ունենան իրենց օգտագործած համակարգերի և ծառայությունների նկատմամբ։

«EU4Innovation East ծրագրի միջոցով Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացմանը՝ հաշվի առնելով հայկական ներուժը և եվրոպական փորձը։ Այս հուշագիրը կարևոր քայլ է գործակցության հարթակի ձևավորման ճանապարհին, որտեղ պետական կառույցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները կկարողանան համատեղ լուծումներ մշակել կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է Վասիլիս Մարագոսը։
Այս գործակցության շրջանակում նախատեսվում է աշխատել մի քանի ուղղություններով՝ ռազմավարական խորհրդատվություն, կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացում, հետազոտություններ և նորարարություն, մասնագիտական կարողությունների զարգացում, կրթական ու վերապատրաստման ծրագրեր, գործնական աշխատանքներ և փորձի փոխանակում:
Նախաձեռնությունը հեռանկարներ է բացում ոչ միայն կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների պատրաստման, այլև ամբողջ էկոհամակարգի զարգացման համար։