Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը վերագործարկել են հարաբերությունները մի շարք համաձայնությունների ձեռքբերմամբ
2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Բրյուսելում բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, որից հետո Լոնդոնը հայտարարել է, որ բանակցություններն ավարտվել են, և ԵՄ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել ավելի սերտ համագործակցության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Քննարկումները ներառել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երիտասարդների տեղաշարժը, պարենային ապրանքների արտահանումը, ածխածնի արտանետումները և միգրացիան։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ երկու կողմերը կաշխատեն երիտասարդների փոխանակման ծրագրի, սանիտարական և բուսասանիտարական համաձայնագրի, ինչպես նաև արտանետումների քվոտաների առևտրի համակարգի ներդրման ուղղությամբ։
Բըրնհեմը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ձեռք բերվելիք համաձայնագիրը կարող է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ավելացնել մինչև 0,5 տոկոսով։
«Ֆինանսների նախարարության կողմից այսօր հրապարակված վերլուծության համաձայն՝ այժմ արդեն հստակ է, որ այս համաձայնագրի արդյունքում ՀՆԱ-ի աճը կարող է հասնել մինչև 0,5 տոկոսի։ Սա այս խորհրդարանի գործունեության ընթացքում տնտեսական աճի խթանմանն ուղղված ամենամեծ միջոցառումն է», - նշել է նա։
Ըստ BBC-ի՝ ակնկալվում է, որ երիտասարդների փոխանակման ծրագիրը հնարավորություն կտա տարեկան 100 000 երիտասարդի ԵՄ-ից մեկնել Մեծ Բրիտանիա՝ ճանապարհորդելու, աշխատելու և սովորելու նպատակով։ Նույն թվով երիտասարդ բրիտանացիների կթույլատրվի մեկնել եվրոպական երկրներ։