ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում գործող կազմակերպություններին և ՌԴ-ում բնակվող անհատներին այլևս արգելվում է որևէ կարգավիճակով մասնակցել որևէ գործունեության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է «Էրազմուս»-ի 2027 թվականի ծրագրային ուղեցույցում, որը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Ավելին, Ռուսաստանում բնակվող քաղաքացիներն այլևս իրավունք չունեն ստանալու Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակներ եվրոպական համալսարաններում։
«Էրազմուս» ծրագիրը գործում է ավելի քան 30 տարի։ 2014-ից 2021 թվականներին դրան մասնակցել է Ռուսաստանից մոտ 13 200 ուսանող և հետազոտող։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց 2028–2034 թվականների համար ծրագրի բյուջեն մինչև 47,4 միլիարդ եվրո ավելացնելու առաջարկին։
2022 թվականին ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ խորհուրդն արգելեց ֆինանսական և այլ տեսակի աջակցության տրամադրումը ռուսական պետական կազմակերպություններին՝ Եվրոպական միության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։