Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres
4 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցության առաջարկը, որն այսօր ներկայացրել է «Մեր կուսակցություն» քաղաքական ուժի առաջնորդ Ռենատո Ուսատին, ստացել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը:
Ուսատին առաջարկում է Ռումինիայի հետ բանակցել երկկողմ մեխանիզմի ստեղծման շուրջ, մինչդեռ Գրոսուն կարևորում է Ռումինիայի և Ուկրաինայի հետ քննարկումները՝ պաշտպանական կարողություններն ամրապնդելու նպատակով։
Իգոր Գրոսուն հայտարարել է, որ աջակցում է ինչպես Ռումինիայի, այնպես էլ Ուկրաինայի հետ համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրներն ունեն կարողություններ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել Մոլդովայի օդային տարածքի պաշտպանությանը։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ռումինիան ունի օդային տարածքի վերահսկման և օդային թիրախների որսման ավելի բարձր տեխնիկական հնարավորություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, մինչդեռ Ուկրաինան մշակել է անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների որսման ավելի մատչելի տեխնոլոգիական լուծումներ։
«Ես աջակցում եմ նման քննարկումներին», - ասել է Իգոր Գրոսուն՝ նշելով, որ Մոլդովայի և Ուկրաինայի իշխանությունները մշտական կապի մեջ են օդային տարածքով առանց թույլտվության իրականացվող թռիչքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցով։
Պաշտոնյան հայտնել է, որ մտադիր է տեղեկանալ երկու երկրների հետ քննարկումների ներկա փուլի մասին։
Նոյեմբերի 19-ի առավոտյան Ուսատին առաջարկել էր անհապաղ ստեղծել Մոլդովայի և Ռումինիայի միջև երկկողմ մեխանիզմ՝ օդային տարածքի պաշտպանության համար։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը պետք է նախատեսի ռադիոտեղորոշիչ տվյալների օպերատիվ փոխանակում, վաղ նախազգուշացում, ինչպես նաև հստակ ընթացակարգեր, որոնց համաձայն ռումինական ավիացիան կարող է որսալ և անհրաժեշտության դեպքում չեզոքացնել առանց թույլտվության Մոլդովայի օդային տարածք մուտք գործող անօդաչու թռչող սարքերը։
Պատգամավորը նաև իշխանություններին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, օդային տարածքի խախտումներին վերջ տալու նպատակով։
Միևնույն ժամանակ նա կառավարությանը հորդորել է բանակցություններ սկսել Ռումինիայի հետ և խորհրդարանին ներկայացնել հնարավոր համաձայնագրի իրավական հիմքերն ու պայմանները։
Նոյեմբերի 17-ի կեսօրից հետո յոթ անօդաչու թռչող սարք առանց թույլտվության հատել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը։ Իշխանությունների տվյալներով՝ դրանցից վեցն ընկել են երկրի տարածքում:
Նոյեմբերի սկզբից արձանագրվել է Մոլդովայի օդային տարածքի ապօրինի խախտման 14 դեպք, իսկ 2026 թվականի սկզբից դրանց թիվը գերազանցել է 80-ը։ 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Մոլդովայի իշխանություններն արձանագրել են նման 118 միջադեպ։
Օդային տարածքի կրկնվող խախտումների կապակցությամբ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 18-ին բողոքի նոտա է հանձնել երկրում Ռուսաստանի կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովին։