Աշխարհ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

4 րոպեի ընթերցում

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Երկրից ընդամենը 28 լուսային տարի հեռավորության վրա երեք աստղից բաղկացած անսովոր աստղային համակարգ է հայտնաբերվել գիտնականների միջազգային խմբի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BTA գործակալությանը հայտնել է Ժնևի աստղադիտարանի բուլղարացի աստղագետ, հետազոտական խմբի անդամ և գիտական հոդվածի համահեղինակ դոկտոր Աթանաս Ստեֆանովը։

Welopo’ai անվանումը ստացած համակարգը բաղկացած է երեք աստղից, որոնցից երկուսը սպիտակ թզուկներ են՝ խիտ աստղային մնացորդներ, որոնք առաջանում են Արեգակի նման աստղերի միջուկային վառելիքի սպառումից հետո։ Սա երկու սպիտակ թզուկ պարունակող մինչ այժմ հայտնի երեք աստղից բաղկացած ամենամոտ աստղային համակարգն է։

Ստեֆանովի խոսքով՝ հայտնագործությունն արվել է Արեգակնային համակարգից դուրս մոլորակների որոնման սովորական դիտարկումների ընթացքում և աստղագետների առջև նոր հարցեր է դրել աստղերի էվոլյուցիայի և միմյանց հետ փոխազդեցության վերաբերյալ։

Միջազգային հետազոտական խումբը գլխավորել են Կանադայի Մոնրեալի համալսարանի Էկզոմոլորակների հետազոտությունների Տրոտյեի ինստիտուտի գիտնականները։ Դիտարկումների սկզբնական նպատակը մոտակա կարմիր թզուկ աստղի շուրջ պտտվող մոլորակների հայտնաբերումն էր։

«Ինձ հրավիրել էին մասնակցելու հետազոտությանը մոլորակների հայտնաբերման ոլորտում ունեցած փորձիս պատճառով։ Ամեն ինչ սկսվեց որպես կարմիր թզուկի շուրջ մոլորակների որոնման միանգամայն սովորական աշխատանք», - ասել է Աթանաս Ստեֆանովը։

Դիտարկումների համար գիտնականներն օգտագործել են SPIRou բարձր ճշգրտության սարքը, որը տեղադրված է Հավայան կղզիների Մաունա Կեա լեռան գագաթին գտնվող Կանադա-Ֆրանսիա-Հավայի աստղադիտակի (CFHT) վրա։

Այնուամենայնիվ, մոլորակներին բնորոշ փոքր տատանումների փոխարեն աստղագետները հայտնաբերել են շատ ավելի մեծ շեղում, որը վկայում էր աստղային խոշոր ուղեկցի առկայության մասին։

«Մոլորակները շատ ավելի թեթև են իրենց կենտրոնական աստղերից և դրանց վրա թողնում են հազիվ նկատելի ձգողական ազդեցություն։ Մենք սովորաբար չափում ենք աստղի արագության՝ վայրկյանում մի քանի մետրի հասնող փոփոխությունները։ Սակայն այս անգամ հայտնաբերեցինք վայրկյանում գրեթե 16 կիլոմետրի հասնող փոփոխություն։ Հենց այդ ժամանակ հասկացանք, որ գործ ունենք ոչ թե սովորական մոլորակի, այլ շատ ավելի մեծ ուղեկցի հետ», - բացատրել է բուլղարացի աստղագետը։

Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ թաքնված երկնային մարմնի զանգվածը գերազանցում է Արեգակի զանգվածի կեսը։

«Մենք իրականում մոլորակներ էինք փնտրում, բայց դրա փոխարեն հայտնաբերեցինք շատ ավելի զարմանալի մի բան», - BTA-ին ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, Մոնրեալի համալսարանի Էկզոմոլորակների հետազոտությունների Տրոտյեի ինստիտուտի դոկտոր Էտյեն Արտիգոն։

Համակարգում արդեն հայտնի էր մեկ այլ՝ զգալիորեն ավելի հեռու գտնվող սպիտակ թզուկի գոյությունը։ Այսպիսով, աստղագետները պարզել են, որ Welopo’ai-ն երեք աստղից բաղկացած հազվագյուտ համակարգ է, որտեղ կարմիր թզուկն ու սպիտակ թզուկը պտտվում են միմյանց շուրջ, իսկ երկրորդ սպիտակ թզուկը շարժվում է ավելի հեռավոր ուղեծրով։

Հետազոտողների խոսքով՝ Երկրից 100 լուսային տարի շառավղով նմանատիպ կառուցվածք ունեցող այլ աստղային համակարգ հայտնի չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում