Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարական ռազմածովային հետազոտական «Սուրբ Կիրիլ և Մեթոդիոս» (RSV 421) նավի անձնակազմը և Բուլղարիայի պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկ րոպե լռությամբ հարգել են «Թրակիա» ավտոմայրուղու վրա նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային վթարների զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Նավն այժմ գտնվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP 31 համաժողովի կապակցությամբ։
Թուրքիայում Բուլղարիայի դեսպան Անգել Չոլակովի գլխավորությամբ Անթալիայում ընթացող COP 31-ին մասնակցող բուլղարական պատվիրակությունն այցելել է RSV 421 նավ՝ մասնակցելու հիշատակի արարողությանը։
Տեղի է ունեցել դրոշի իջեցման արարողություն, իսկ անձնակազմն ու պաշտոնական հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։
Չոլակովը հաջող նավարկություն է մաղթել RSV 421-ի անձնակազմին բուլղարական 35-րդ անտարկտիկական արշավախմբի ընթացքում։
Բուլղարիայի նախարարների խորհուրդը նոյեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ Յամբոլի շրջանի «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած երկու զանգվածային վթարների զոհերի։ Միջադեպերի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 51 մարդ։
Նոյեմբերի 4-ին RSV 421 նավը Վառնայից մեկնել է Անտարկտիդա՝ իրականացնելու իր հինգերորդ նավարկությունը՝ որպես Բուլղարական 35-րդ անտարկտիկական արշավախմբի մաս։