Բուլղարիայում 86 մեքենա է բախվել. զոհվել է 11 մարդ
3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի Զիմնիցա հանգույցի մոտ ավելի քան ութ տասնյակ մեքենայի մասնակցությամբ երկու վթարների հետևանքով զոհվել է 11 մարդ, ինչի պատճառով «Թրակիա» ավտոմայրուղին երկու ուղղություններով փակվել է, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կատյա Իվկովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):
Մոտ 50 մարդ վիրավորվել է։

Սլիվեն քաղաքի հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում Իվկովան նշել է, որ 10 մարդ մահացել է դեպքի վայրում, մեկը՝ հիվանդանոցում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ճանապարհը վթարված տրանսպորտային միջոցներից։

Սլիվենի շրջանի նահանգապետ Միխայիլ Կաշերովը դեպքի վայրում լրագրողներին հայտնել է, որ վթարների մեջ ներգրավված է եղել ավելի քան 70 մեքենա։ Ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ բախվել է 86 տրանսպորտային միջոց․ դրանցից 63-ը՝ Բուրգասի ուղղությամբ ընթացող ճանապարհահատվածում, իսկ 23-ը՝ Սոֆիայի ուղղությամբ ընթացող ճանապարհահատվածում։
Ըստ իրավապահների՝ առաջին շղթայական վթարը տեղի է ունեցել Բուրգաս տանող ճանապարհահատվածում, երբ բեռնատարը փակել է ուղևորատար ավտոբուսի ճանապարհը։ Ավտոբուսի հետևում տեղի է ունեցել մեկ այլ բախում՝ ցորեն տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ։
Բոլոր զոհվածները գտնվել են Բուրգաս տանող ճանապարհին։ Վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, հանկարծակի առաջացած խիտ մառախուղն է եղել։ Պաշտոնյաները նաև նշել են, որ վթարի պատճառ կարող էին լինել թաց ճանապարհը և պայմաններին չհամապատասխանող արագությունը։
Ողբերգության պատճառով Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը չեղարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Վառնա այցի օրակարգի բոլոր միջոցառումները, բացի բանակցություններից։ Ռադևը նաև չեղարկել է կառավարության նիստը։ Վարչապետը Բուրգաս է ուղարկել կառավարական ինքնաթիռ և ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ վիրավորներին Սոֆիայի հիվանդանոցներ տեղափոխելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր խորին ցավակցությունն է հայտնել «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների հետևանքով զոհվածների ընտանիքներին։