Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը
1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն «շանտաժ» է որակել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրամիության բյուջեն արգելափակելու սպառնալիքը, եթե ԵՄ բոլոր երկրները չմասնակցեն Ուկրաինայի ֆինանսավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այն, ինչ անում է դաշնային կանցլերը, տիպիկ շանտաժ է, և ես դա մերժում եմ», - Սլովակիայի վարչապետի խոսքը մեջբերում է Denník N լրատվական հարթակը։
Ֆիցոն այս հայտարարությունն արել է Բրատիսլավայում Սլովակիա-Չեխիա միջկառավարական խորհրդակցությունների մեկնարկից առաջ։
Ուկրաինայի համար Եվրամիության վարկերի երաշխիքների տրամադրմանը մասնակցելուց հրաժարվում են Սլովակիան, Չեխիան, Հունգարիան և Բուլղարիան։
Financial Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Մերցը սպառնացել է արգելափակել ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի հաստատումը, մինչև բոլոր անդամ երկրները չհամաձայնեն աջակցել Ուկրաինային։ Ըստ հրատարակության՝ Մերցն այս վերջնագիրը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում։