Աշխարհ

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

3 րոպեի ընթերցում

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) առնվազն 66 զինծառայող մահապատժի է դատապարտվել վախկոտության, խռովության և հրամաններին չենթարկվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական մամուլը։

Դատավճիռները կայացվել են Հյուսիսային Կիվուի նահանգի Վալիկալե քաղաքի ռազմական դատարանում 71 զինծառայողի գործով դատավարությունից հետո։ Չորս զինծառայող արդարացվել է, ևս մեկը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Բանակի հայտարարության համաձայն՝ դատավարության նպատակն էր ամրապնդել զինվորական կարգապահությունը, մինչ կառավարական ուժերը երկրի արևելքում պայքարում են զինված խմբավորումների դեմ։

Տարածաշրջանը տասնամյակներ շարունակ հակամարտությունների թատերաբեմ է եղել. մարտերը շարունակվում են կառավարական ուժերի և «Ազգի վերակառուցման ճակատ» (FRN) ապստամբական դաշինքի միջև, որի կազմում է նաև M23 խմբավորումը։

Հաղորդվում է, որ զինծառայողները ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին՝ Վալիկալեում։ Նրանք մեղադրվում են FRN-ի զինյալների հետ բախումների ընթացքում իրենց դիրքերը լքելու և նահանջելու համար։

ԿԴՀ բանակի գործողություններն ընդդեմ զինված խմբավորումների, այդ թվում՝ M23-ի, երկար ժամանակ խաթարվում են զինվորականների շարքերում տիրող թույլ կարգապահության և անկազմակերպվածության պատճառով։

ԿԴՀ կառավարությունը բազմիցս մեղադրել է հարևան Ռուանդային M23 խմբավորմանն աջակցելու համար։ Այդ մեղադրանքները հերքել են ինչպես Ռուանդան, այնպես էլ ապստամբները՝ չնայած, ըստ BBC-ի, դրա բազմաթիվ ապացույցներ կան։

Հոկտեմբերին ևս 27 զինծառայող մահապատժի էր դատապարտվել վախկոտության մեղադրանքով՝ ապստամբների հետ բախումների ընթացքում առաջնագծից նահանջելու համար։

2024 թ. մարտին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը վերացրեց մահապատժի կիրառման 20-ամյա մորատորիումը՝ պատճառաբանելով բանակի ներսում «դավաճաններին» վերացնելու անհրաժեշտությունը։

Կառավարությունը հայտարարել էր, որ մահապատիժ կկիրառվի նաև զինված խմբավորումներին մասնակցություն ունենալու, ապստամբության, պետական դավաճանության և պատերազմական հանցագործությունների համար։

Ֆրանսիական RFI հեռարձակողի հավաքագրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի սկզբից ի վեր առնվազն 507 զինծառայող է դատապարտվել, այդ թվում՝ 381-ը՝ մահապատժի։

2025 թ. հոկտեմբերին ԿԴՀ նախկին նախագահ Ժոզեֆ Կաբիլան հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների և պետական դավաճանության մեղադրանքներով։ Նա հերքել է մեղադրանքները, սակայն դատարան չի ներկայացել։ Դրանից հետո նա հռչակվել է FRN-ի առաջնորդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում