Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին
3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ խումբ կուղարկեն Աբու Դաբիում կայանալիք խաղաղության եռակողմ բանակցություններին, որը կանցկացնի Միացյալ Նահանգներն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Euronews-ից, այս մասին նոյեմբերի 9-ի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ-ն ներկա կլինի մեր գործընկերների հետ միասին», - նշել է նա։
«Սև ծովում նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը հրադադարի վերաբերյալ նրա (խմբ․՝ Զելենսկու) կոչին, որը կներառի պարենային և էներգետիկ ենթակառուցվածքները», - հավելել է ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական խորհրդի խոսնակը նույնպես հաստատել է եվրոպացիների մասնակցությունը բանակցություններին։
Ըստ տեղեկությունների՝ այս կառույցներին կմիանա E3 ձևաչափը, որը ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում և լսելի կդարձնի Եվրոպայի ձայնը։
ԵՄ պատվիրակությունը կգլխավորեն ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աննա Մարիա Բուրան։
Երկու հաստատություններն էլ նախկինում հայտարարել էին ռուսական պատվիրակության հետ ուղիղ երկխոսության պատրաստակամության մասին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
«Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ կան հաղորդակցության առանձին ուղիներ ամերիկացիների և եվրոպացիների միջև, ուկրաինացիների և եվրոպացիների միջև», - նշել է Պեսկովը։
Աբու Դաբիում բանակցությունները տեղի կունենան երկու օր՝ նոյեմբերի 10-11-ին՝ նշանավորելով եռակողմ շփումների վերսկսումը փետրվարից ի վեր։
Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Միացյալ Նահանգները կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։