Եվրոպա

Հիվանդանոցում մահացել է Կրակովի հրապարակում ահաբեկչություն իրականացրած տղամարդը

2 րոպեի ընթերցում

Հիվանդանոցում մահացել է Կրակովի հրապարակում ահաբեկչություն իրականացրած տղամարդը

Լեհաստանի Կրակով քաղաքի հրապարակում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդու սպանած և 15-ին վիրավորած 24-ամյա տղամարդը նոյեմբերի 9-ին հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանությունը։

Ծայրահեղ աջ հայացքներ ունեցող տղամարդը մեքենայով մուտք էր գործել Կրակովի հին քաղաքի գլխավոր հրապարակ և կրակ բացել։ Լեհաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի այդ հրապարակը զբոսաշրջիկների այցելության հայտնի վայրերից է։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը շարունակել է կրակել անգամ այն բանից հետո, երբ ոստիկանները վիրավորել են նրան։ Հարձակումից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Հրաձգության հետևանքով զոհվել է չորս կին և երկու տղամարդ։ Իշխանությունների տվյալներով՝ կանանցից երեքը և տղամարդկանցից մեկը Լեհաստանի քաղաքացիներ են եղել։ Զոհերի թվում են եղել նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի և Ավստրիայի քաղաքացի։

Վիրավորների թվում հինգ օտարերկրացի կա․ նրանք Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ավստրիայի քաղաքացիներ են։

Հարձակվողին կանգնեցրած երկու ոստիկանները, որոնց գործողությունները իշխանությունները հերոսական են որակել, շարունակում են մնալ հիվանդանոցում։

Իշխանությունները տղամարդու ընտանիքին պատկանող տանը՝ Կրակովից շուրջ 150 կմ հյուսիս-արևելք գտնվող Օստրովեց Շվիենտոկշիսկի քաղաքում, հայտնաբերել են նրա քրոջ, մոր և հոր մարմինները։ Ենթադրվում է, որ նրանք մահացել են հրազենային վնասվածքներից։

Կիրակի երեկոյան Կրակովի բնակիչները ծաղիկներ և մոմեր են դրել քաղաքի կենտրոնական հրապարակում։

Դատախազությունը հայտնել է, որ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ոստիկանների սպանության և սպանության փորձի դեպքերով հետաքննություն է սկսել։ Կատարվածը որակվել է որպես «ահաբեկչական հանցագործություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում