Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հայտնել է Եմենի հութիներին հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հայտնել է Եմենի հութիներին հարվածներ հասցնելու մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ ռազմաօդային ուժերը Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների կողմից օգտագործվող հրթիռների արձակման կայանք են ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ալ-Մալիքին նշել է X-ի գրառման մեջ։

«Մենք Սանայում ոչնչացրեցինք բալիստիկ հրթիռների արձակման հարթակ։ Հութի ահաբեկչական զինյալներն այսօր օգտագործել են կայանքը՝ փորձելով հարձակվել Արևելյան շրջանի վրա»,- նշել է նա։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Սաադայում ոչնչացրել են բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանք։

Բացի այդ, նրա խոսքով՝ Հարավային շրջանում հութիների կողմից արձակված թևավոր հրթիռ է ոչնչացվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող «Aramco» նավթային ընկերության գրասենյակի մի քանի հարկերի պատուհաններ են ջարդվել։ Ըստ էներգետիկայի նախարարության՝ դա տեղի է ունեցել շենքի վրա հարձակման փորձի հետևանքով ընկած բեկորների պատճառով։ Կատարվածի հետևանքով վիրավորներ կամ զոհեր չկան։

Նոյեմբերի 8-ին Թագավորության բազմաթիվ դպրոցներ վերսկսել են առկա ուսուցումը՝ շաբաթներ շարունակ հեռավար դասերից հետո, իսկ Սաուդյան Արաբիայի պետական մի շարք կառույցներ վերադարձել են գրասենյակային աշխատանքի, որը դադարեցվել էր ավելի վաղ հութիների հարձակումներից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում