Սկանդալ Nvidia-ում. ընկերության գործադիր տնօրենը մեղադրվում է չինական հետախուզության գործակալի հետ հարաբերություններ ունենալու մեջ
4 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Nvidia ընկերությունը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների թիրախ։ Այս որոշումը հաջորդել է լրատվամիջոցների հրապարակմանը, ըստ որի՝ Հուանգը սերտ հարաբերություններ է ունեցել չինացի գործարար կնոջ հետ, որը տեղեկություններ է փոխանցել Պեկինին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Հուանգը աշխատակիցներին ուղղված ուղերձում խոստովանել է, որ դավաճանել է կնոջը և հայտարարել, որ «ամբողջությամբ պատասխանատվություն է ստանձնում» իր արարքների համար։ Միևնույն ժամանակ Nvidia-ն հայտնել է, որ գլխավոր գործադիր տնօրենը մտադիր է առանց ընդհատումների շարունակել ղեկավարել ընկերությունը։
The New York Times-ը նախորդ ամիս հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։ ԱՄՆ իշխանությունները հետաքննությունը եզրակացրել է, որ կինը չինական հետախուզության գործակալ է։
Megaspeed ընկերությունը Nvidia-ից արհեստական բանականության չիպեր է գնում։ Կասկածներ կան, որ ընկերությունն օգնել է Պեկինին հասանելիություն ստանալ առաջադեմ արհեստական բանականության չիպերին, որոնց արտահանումը Չինաստան արգելված է։
«NVIDIA-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնում՝ հաշվի առնելով վերջին հրապարակումները, որոնց համաձայն՝ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական գործողությունների թիրախ։ Անկախ տնօրեններից կազմված հանձնաժողովը, արտաքին անկախ իրավախորհրդատուների աջակցությամբ, կվերահսկի հետաքննությունը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Nvidia-ն հայտնել է, որ տնօրենների խորհուրդը հիմքեր չունի ենթադրելու, թե վտանգվել են ԱՄՆ ազգային անվտանգության շահերը կամ ընկերության գաղտնի տեղեկությունները։ Այդուհանդերձ նշվել է, որ հետաքննության շրջանակում կուսումնասիրվեն բոլոր հասանելի տվյալները։
4,5 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունից հայտնել են, որ տնօրենների խորհուրդը վստահություն է հայտնում գլխավոր գործադիր տնօրենին և նրա ղեկավարած թիմին։ Հուանգը պատրաստակամություն է հայտնել համագործակցել և տեղեկացրել է, որ լիովին աջակցում է հետաքննությանը։
Ավելի քան երեք տասնամյակ Nvidia-ն ղեկավարող Հուանգը առանցքային դեր է ունեցել ընկերության՝ արհեստական բանականության չիպերի առաջատար մատակարարներից մեկը դառնալու գործում։
Հուանգը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ նշելով. «Իմ արարքները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Ես խորապես ցավում եմ»։
Դիմելով ընկերության աշխատակիցներին, տնօրենների խորհրդին, գործընկերներին և բաժնետերերին՝ Հուանգն ասել է. «Իմ պարտականությունն է ծառայել ձեզ և արժանի լինել ձեր վստահությանը։ Ես չեմ արդարացրել այդ պատասխանատվությունը։ Ես լիովին նվիրված եմ NVIDIA-ին և կաշխատեմ վերականգնել ձեր վստահությունը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ Հուանգի հետ չի քննարկել գործակալ լինելու մեղադրանքները, սակայն նրան բնութագրել է որպես «պարկեշտ մարդ»։ «Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է։ Նա այնքան անհավանական աշխատանք է կատարել»,- հավելել է Թրամփը։
The New York Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփին հետախուզական տվյալների արդյունքների մասին տեղեկացրել էին մոտ մեկ տարի առաջ, սակայն նա որոշել էր որևէ քայլ չձեռնարկել։