ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար, ինչպես նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։
Տվյալ առաջարկն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ՝ հանուն արդարության» ծրագրի մի մասն է։ Պարգև է սահմանվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և դրա հետ կապված անձնակազմի, օրինակ՝ գիտական հանրության ներկայացուցիչների մասին։
Ծրագիրը հիմնադրվել է 1984 թվականին՝ որպես կառավարական լայնածավալ նախաձեռնության մաս, որի նպատակն է պարգևատրել այն տեղեկությունների տրամադրման համար, որոնք ուղղված են ամերիկացի քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ստանձնած երաշխիքների վերաբերյալ պարտավորություններն Իրանի կողմից չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է հիմնական բաղադրիչների՝ մասնավորապես ցենտրիֆուգների արտադրության և պաշարների նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։