Կրեմլը դրական է գնահատել Մելանյա Թրամփի հանդիպումը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

Կրեմլում դրական են գնահատել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով կողմերի պատրաստակամությունը՝ հետագայում շարունակելու մարդասիրական աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, սա շատ դրական հանդիպում է, և գլխավորն այն է, որ պահպանվում են դրական տրամադրվածությունն ու նման մարդասիրական աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պեսկովը նշել է, որ Մելանյա Թրամփն ու նրա թիմը մեծ ջանքեր են գործադրել առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական գործողություն իրականացնելու համար։
«Նրանք միասին աշխատել են երկու երկրների օմբուդսմենների հետ. մեր կողմից Յանա Լանտրատովան մեծ աշխատանք է կատարել, ինչն, ըստ էության, նշել է Մելանյա Թրամփը», - հավելել է նա։
Նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը Մելանյա Թրամփը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նվիրված Օլեշկիում մարդասիրական առաքելությանը։ Ռուսաստանը ներկայացրել են Յանա Լանտրատովան և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ուկրաինայի կողմից ներկա են եղել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը։