Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լայնածավալ հաշտության համաձայնագիր պատրաստելու մասին, որը վերաբերելու է ոչ միայն Ուկրաինային, այլև, հնարավոր է, ամբողջ Եվրոպային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Թրամփը հաստատել է, որ հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, որին Սպիտակ տանն ավելի վաղ ընդունել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
ԱՄՆ նախագահը, սակայն, հրաժարվել է ասել, թե ինչ է քննարկել Դմիտրիևի հետ։
«Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ քննարկել, բայց պարզապես կասեմ, որ համաձայնագիր է կնքվելու։ Դա լինելու է մեծ համաձայնագիր և վերաբերելու է ոչ միայն Ուկրաինային։ Այն շատ մեծ է լինելու։ Այն ներառելու է ավելին, քան Ուկրաինան. ես նույնիսկ կասեի, որ այն կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան», - հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ դա կլինի «հրաշալի համաձայնագիր, և բոլորը հիացած կլինեն»։
Թրամփը նաև նշել է, որ Սպիտակ տանը գտնվող ուկրաինական պատվիրակության հետ չի հանդիպել։
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի հեռանկարների մասին՝ Թրամփը հայտարարել է. «Կարծում եմ՝ մենք այն կավարտենք շատ շուտով»։