Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ
2 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների խմբագրություններ էլեկտրոնային փոստով սպառնալիքներ են ստացել ռումբերի առկայության վերաբերյալ, ինչը հանգեցրել է աշխատակազմերի տարհանմանը և հեռարձակման դադարեցմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն։
Զգուշացումներ ստացածների թվում են եղել իռլանդական RTÉ-ն, բրիտանական Sky-ը, բուլղարական մասնավոր Nova հեռուստաալիքը և այլք։ Նշված հեռուստաընկերություններից ոչ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
RTÉ-ի եթերում հեռուստահաղորդումները փոխարինվել են երաժշտությամբ և նախապես ձայնագրված հաղորդումներով։ Որոշ դեպքերում հեռարձակման ընդհատումը տևել է մինչև երեք ժամ։
Nova և RTE հեռուստաալիքների խմբագրությունները ստացել են հետևյալ բովանդակությամբ նամակներ․ «Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա մեր մասին, ուստի մեր գործակալներից մեկը պայթուցիկ սարք է տեղադրել ձեր շենքում։ Այն կպայթի 45 րոպեից։ Ժամանակն ընթանում է»։
Դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած կեղծ սպառնալիքների հետևում։ Սակայն RTE-ին և Nova-ին ուղարկված նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով՝ հավելելով, որ այդ ազգանունը համընկնում է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի ազգանվան հետ։