Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը
5 րոպեի ընթերցում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի վավերացումը նախատեսող օրինագիծը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TRT Haber-ը, օրինագիծն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti), «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավորների ձայներով։
Նիստը վարել է խորհրդարանի փոխնախագահ Ջելալ Ադանը։
Համաձայնագիրը նախատեսում է երեք երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության խորացում, ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում, հետախուզական տեղեկատվության փոխանակում և փոխադարձ նյութատեխնիկական աջակցություն։
Փաստաթղթով նախատեսվում է խթանել մասնակից երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ մշակումներն ու ռազմական արտադրությունը։ Համագործակցությունը ներառելու է նաև գիտահետազոտական և զարգացման համատեղ ծրագրեր, պաշտպանական նորարարությունների խթանում, ինչպես նաև ռազմական արդյունաբերության համար մասնագետների պատրաստում։ Ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են պաշտպանական գերատեսչությունների միջև անձնակազմի փոխանակում, համատեղ ուսումնական ծրագրեր և զորավարժություններ։ Դրանց նպատակն է բարձրացնել երեք երկրների զինված ուժերի փոխգործունակությունը։
Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում համագործակցությունը, այդ թվում՝ օպերատիվ մակարդակում։ Կողմերը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնելու միջազգային անվտանգության հարցերի շուրջ և մշակելու են անհատական ու համատեղ միջոցառումներ՝ իրենց կենսական շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նախատեսվում է նաև հետախուզական տեղեկատվության փոխանակում փոխադարձ համաձայնությամբ ընտրված պաշտպանված կապուղիներով՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության և գաղտնիության պահանջները։
Համաձայնագրի համաձայն՝ երեք երկրները միմյանց նյութատեխնիկական աջակցություն են տրամադրելու խաղաղ ժամանակ, պատերազմի և արտակարգ այլ իրավիճակների պայմաններում։ Այդ աջակցությունը կարող է ներառել սպառազինություն, զինամթերք, վառելիք, պահեստամասեր և ռազմական այլ սարքավորումներ։
Համաձայնագրի իրականացման նպատակով ստեղծվելու է Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե, որի կազմում ընդգրկվելու են երեք երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։ Կոմիտեն նիստեր է գումարելու տարեկան երկու անգամ՝ համակարգելու պաշտպանական համագործակցությունը և քննարկելու համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում նախատեսվում են նաև մասնակից երկրների ղեկավարների հանդիպումներ։
Կոմիտեի աշխատանքներն ապահովելու նպատակով Սաուդյան Արաբիայում ստեղծվելու է մշտական քարտուղարություն։ Այն ղեկավարելու է երեք տարի ժամկետով նշանակվող գլխավոր քարտուղարը՝ ռոտացիոն սկզբունքով։ Առաջին գլխավոր քարտուղարը լինելու է Պակիստանի քաղաքացի։
Փաստաթուղթը նաև նախատեսում է այլ պետությունների միանալու հնարավորություն՝ մասնակից երկրների համաձայնությամբ։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ բոլոր երեք երկրներն ավարտեն իրենց ներպետական վավերացման ընթացակարգերը, և վավերացման վերջին փաստաթուղթն ի պահ հանձնվի Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի քարտուղարությանը։
Փաստաթուղթը նախատեսված է անժամկետ գործողության համար։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ համաձայնագրից դրա ուժի մեջ մտնելուց տասը տարի անց՝ առնվազն երեք ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս մասնակիցներին։
Համաձայնագրի դադարեցումը կամ մասնակիցներից մեկի դուրս գալը չի ազդելու նախկինում համաձայնեցված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վրա։ Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պարտավորությունները պահպանվելու են նաև համաձայնագրի գործողության ավարտից հետո։ Փաստաթղթով նախատեսվում է նաև խորացնել երեք երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում՝ միջազգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու նպատակով։ Օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Ջելալ Ադանը փակել է նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով նոյեմբերի 10-ին։