Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանը սկսել է Մեքքայի համաձայնագրի քննարկման և վավերացման գործընթացը

12 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանը սկսել է Մեքքայի համաձայնագրի քննարկման և վավերացման գործընթացը

Թուրքիայի խորհրդարանը սկսել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի քննարկման և վավերացման գործընթացը։

Խորհրդարանի լիագումար նիստում արդեն ընդունվել է համաձայնագրի վավերացման մասին օրինագծի առաջին հոդվածը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական TRT Haber և «Անադոլու» լրատվամիջոցները, համաձայնագիրը նախատեսում է երեք երկրների միջև հավաքական պաշտպանության մեխանիզմների ստեղծում, ռազմական համագործակցության խորացում, հետախուզական տեղեկատվության փոխանակում և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացում։ Փաստաթուղթը 2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Համաձայնագիրը հոկտեմբերի 21-ին ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան, իսկ հոկտեմբերի 27-ին հավանության արժանացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նոյեմբերի 5-ի դրությամբ խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է վավերացման օրինագծի առաջին հոդվածը։ Մյուս հոդվածների քննարկումը շարունակվում է։

Համաձայնագրի հիմնական դրույթները TRT Haber-ի հրապարակած փաստաթուղթը բաղկացած է 16 հոդվածից, որոնք սահմանում են մասնակից երկրների փոխադարձ պարտավորությունները, պաշտպանական համագործակցության ուղղությունները և համաձայնագրի իրականացման մեխանիզմները։

Հոդված 1. Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանություն

Կողմերը պարտավորվում են համագործակցել միմյանց անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության պաշտպանության նպատակով։ Այդ արժեքներից որևէ մեկին սպառնացող վտանգի դեպքում կողմերը նախատեսում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սպառնալիքները վերացնելու համար։

Հոդված 2. Հավաքական պաշտպանության պարտավորություն

Համաձայնագրի առանցքային դրույթներից մեկի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի նկատմամբ արտաքին զինված հարձակումը կամ ռազմական ագրեսիան դիտարկվելու է որպես հարձակում բոլոր մասնակիցների դեմ։ Նման իրավիճակում կողմերը պարտավորվում են անհապաղ աջակցություն ցուցաբերել հարձակման ենթարկված պետությանը՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող հնարավորությունները, այդ թվում՝ ռազմական կարողությունները։ Դրույթը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Միաժամանակ նախատեսվում է, որ աջակցության բնույթն ու ծավալը որոշվելու են կողմերի միջև խորհրդակցությունների և համապատասխան հնարավորությունների գնահատման հիման վրա։

Հոդված 3. Պաշտպանական և անվտանգության համագործակցություն

Երեք երկրները նախատեսում են զարգացնել ռազմական և պաշտպանական համագործակցությունը՝ ամրապնդելով անվտանգության ոլորտում փոխգործակցությունն ու պաշտպանական կարողությունները։ Համագործակցությունը ներառում է ռազմական կառույցների միջև կապերի զարգացումը և պաշտպանական քաղաքականության համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքը։

Հոդված 4. Միջազգային անվտանգության հարցերով խորհրդակցություններ

Կողմերը նախատեսում են պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։ Այս մեխանիզմը նպատակ ունի նպաստել անվտանգության մարտահրավերների վերաբերյալ դիրքորոշումների համակարգմանը և անհրաժեշտության դեպքում համատեղ գործողությունների համաձայնեցմանը։

Հոդված 5. Ահաբեկչության դեմ պայքար

Համաձայնագրով նախատեսվում է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացում։ Կողմերը պարտավորվում են զարգացնել համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությունը և համագործակցել անվտանգության սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ։

Հոդված 6. Համատեղ զորավարժություններ և ռազմական պատրաստություն

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ուսուցման և մասնագիտական պատրաստության ոլորտներում համագործակցություն։ Այն ներառում է համատեղ զորավարժությունների անցկացում, զինվորական անձնակազմի մասնագիտական պատրաստության զարգացում և ռազմական փորձի փոխանակում։

Հոդված 7. Պաշտպանական արդյունաբերություն և տեխնոլոգիաներ

Կողմերը նախատեսում են խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն, տեխնոլոգիաների փոխանցում, գիտահետազոտական և զարգացման ծրագրեր, ինչպես նաև համապատասխան մասնագետների պատրաստում։ Այս դրույթը հնարավորություն է ստեղծում համատեղ օգտագործելու երեք երկրների պաշտպանական արդյունաբերության արտադրական և տեխնոլոգիական ներուժը։

Հոդված 8. Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե

Համաձայնագրի իրականացման և պաշտպանական համագործակցության համակարգման համար նախատեսվում է ստեղծել Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե։ Դրա կազմում ընդգրկվելու են մասնակից երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։ Կոմիտեի հիմնական խնդիրներից են պաշտպանական և անվտանգության համագործակցության զարգացումը, ընդունված որոշումների իրականացման համակարգումը և հնարավոր խոչընդոտների վերացումը։ Կոմիտեն նիստեր է գումարելու տարեկան առնվազն երկու անգամ, իսկ հանդիպումները հերթականությամբ կազմակերպվելու են մասնակից երկրներում։ Նախատեսվում է նաև, որ երեք երկրների ղեկավարները, անհրաժեշտության դեպքում, կարող են հանդիպել տարեկան մեկ անգամ։ Համաձայնագրով նախատեսվում է մշտական քարտուղարության ստեղծում Սաուդյան Արաբիայում։ Քարտուղարությունը ղեկավարելու է երեք տարի ժամկետով նշանակվող գլխավոր քարտուղարը՝ ռոտացիոն սկզբունքով։ Առաջին գլխավոր քարտուղարը լինելու է Պակիստանի ներկայացուցիչ։

Հոդված 9. Հետախուզական տեղեկատվության փոխանակում

Կողմերը պարտավորվում են խորացնել հետախուզական համագործակցությունը և ապահովել համապատասխան գերատեսչությունների միջև համակարգումը։ Նախատեսվում է հետախուզական տեղեկատվության փոխանակում փոխադարձ համաձայնությամբ ընտրված պաշտպանված կապուղիներով՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության, տվյալների պաշտպանության և գաղտնիության պահանջները։

Հոդված 10. Փոխադարձ ռազմատեխնիկական և նյութատեխնիկական աջակցություն

Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը միմյանց կարող են տրամադրել նյութատեխնիկական աջակցություն, այդ թվում՝ - սպառազինություն և զինամթերք, - վառելիք, - պահեստամասեր, - ռազմական և նյութատեխնիկական այլ սարքավորումներ։ Նման աջակցությունը նախատեսվում է ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի և արտակարգ այլ իրավիճակների պայմաններում։ Միաժամանակ դրա տրամադրումը պայմանավորված է համապատասխան միջոցների առկայությամբ և նյութատեխնիկական ապահովման համակարգերի համատեղելիությամբ։

Հոդված 11. Համաձայնագրի իրավական հիմքերը

Կողմերը համաձայնագիրն ընդունում են որպես դրա դրույթների իրականացման իրավական հիմք՝ պահպանելով միջազգային իրավունքի և մասնակից երկրների ներպետական օրենսդրության պահանջները։ Անհրաժեշտության դեպքում կարող են մշակվել լրացուցիչ իրավական մեխանիզմներ։

Հոդված 12. Նախկին միջազգային պարտավորությունների պահպանում

Փաստաթղթով ամրագրվում է, որ համաձայնագիրը չի սահմանափակում կողմերի՝ նախկինում կնքված միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները։ Այս դրույթը վերաբերում է նաև մասնակից երկրների գործող միջազգային պաշտպանական և անվտանգության պարտավորությունների պահպանմանը։

Հոդված 13. Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն

Կողմերը պարտավորվում են ապահովել համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվության և փաստաթղթերի պաշտպանությունը։ Նախատեսվում է, որ այդ տեղեկատվությունը չի կարող փոխանցվել համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետություններին, ընկերություններին կամ մասնավոր անձանց։ Գաղտնի փաստաթղթերին հասանելիություն կարող են ունենալ միայն համապատասխան թույլտվություն ունեցող անձինք՝ ծառայողական անհրաժեշտության դեպքում։

Հոդված 14. Վեճերի խաղաղ կարգավորում

Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

Հոդված 15. Համաձայնագրում փոփոխությունների կատարում

Փաստաթղթում փոփոխություններ կարող են կատարվել մասնակից հիմնական կողմերի միջև խորհրդակցությունների և փոխադարձ համաձայնության հիման վրա։

Հոդված 16. Վավերացում, ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

Յուրաքանչյուր երկիր համաձայնագիրը պետք է վավերացնի իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու վավերացման վերջին փաստաթուղթը Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի քարտուղարությունում ի պահ հանձնելու օրը։ Համաձայնագիրը նախատեսված է անժամկետ գործողության համար, սակայն ուժի մեջ մտնելուց հետո առաջին տասը տարվա ընթացքում կողմերը չեն կարող դուրս գալ դրանից։ Տասնամյա ժամկետի ավարտից հետո համաձայնագրից դուրս գալու համար անհրաժեշտ է առնվազն երեք ամիս առաջ գրավոր ծանուցել մյուս կողմերին։

Քննարկումները Թուրքիայի խորհրդարանում Մեքքայի համաձայնագրի վավերացման գործընթացը տարաձայնություններ է առաջացրել Թուրքիայի խորհրդարանական ուժերի միջև։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը աջակցում են համաձայնագրին՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության և ռազմական զսպման կարողությունների ամրապնդման միջոց։ Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը նույնպես հայտնել է փաստաթղթին աջակցելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ մի շարք ընդդիմադիր ուժեր մտահոգություն են հայտնել, որ հավաքական պաշտպանության պարտավորությունները կարող են մեծացնել Թուրքիայի՝ տարածաշրջանային ռազմական հակամարտություններում ներգրավվելու վտանգը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը պարզաբանել է, որ համաձայնագիրը ՆԱՏՕ-ին այլընտրանք չէ և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ինքնաբերաբար ուղարկում արտերկիր, իսկ նման որոշումների համար անհրաժեշտ է պահպանել Թուրքիայի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, այդ թվում՝ խորհրդարանի համապատասխան լիազորությունները։

Մեքքայի համաձայնագրի վավերացման օրինագծի առաջին հոդվածի ընդունումը դեռ չի նշանակում ամբողջ փաստաթղթի վերջնական վավերացում։ Դրա համար անհրաժեշտ է ավարտել Թուրքիայի խորհրդարանական ընթացակարգերը, իսկ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար՝ նաև մյուս մասնակից երկրների վավերացման գործընթացները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում