Միացյալ Նահանգներ

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի ֆոնին պաշտոնապես հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով կոնգրեսական գործընկերներին Ջեֆրիսի ուղարկած նամակին։

«Գրում եմ, որպեսզի խոնարհաբար խնդրեմ ձեր աջակցությունն իմ թեկնածությանը Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակի պաշտոնի համար», – գրել է Ջեֆրիսը նամակում։

Axios-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ  խոսնակի պաշտոնը Ջեֆրիսը կստանա՝ «չբախվելով լուրջ դիմադրության»։ Այդպիսով՝ նա կդառնա պատմության մեջ առաջին աֆրոամերիկացին, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։

«Ունենալով մեծամասնություն՝ մենք այժմ պետք է իրականացնենք այն արմատական փոփոխությունները, որոնք պահանջում է ամերիկացի ժողովուրդը», – ընդգծել է դեմոկրատ գործիչը։

Նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում երկու պալատներում։ Հանրապետականները անհաջողություն են ունեցել նաև մի շարք նահանգների ղեկավարների ընտրություններում, այդ թվում՝ հանրապետական համարվող Տեխասում։ Հանրապետական կուսակցությունը պարտություն է կրել նաև ավանդաբար հանրապետական համարվող այլ նահանգներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում