Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության խմբակցությունը
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կուսակիցներին տեղեկացրել է, որ նոր գումարման ստորին պալատում չի ստանձնի հանրապետական փոքրամասնության առաջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ Լուիզիաննա նահանգը ներկայացնող Ջոնսոնն իր որոշման մասին հայտնել է Կոնգրեսի՝ նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, որի աշխատանքները վերսկսվելու են 2027 թվականի հունվարի 3-ից, մեծամասնություն են կազմելու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք էլ ընտրելու են խոսնակի։ Այդ պաշտոնը նշանակությամբ երրորդն է ԱՄՆ պետական աստիճանակարգում։ Հատկանշական է, որ դեմոկրատների խմբակցության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը կարող է դառնալ այս պաշտոնը զբաղեցրած առաջին աֆրոամերիկացին։
Նոր գումարման Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցությունը կարող են գլխավորել այս կուսակցության ներկայիս խորհրդարանական առաջնորդ Սթիվեն Սքալիսը կամ Պալատի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Ջիմ Ջորդանը։
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրել են 100 սենատորներից 35-ին, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորներին։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդած վերջին տեղեկություններով՝ դեմոկրատները մեծամասնություն են կազմելու Կոնգրեսի երկու պալատներում, որոնցում ներկայում գերիշխում են հանրապետականները։