Աշխարհ

Ավստրալիան կմասնակցի Ինդոնեզիայում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան կմասնակցի Ինդոնեզիայում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին

Ավստրալիան կմիանա Ինդոնեզիայում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին՝ օդային միջոցներով «ջրային ռմբակոծման» ճանապարհով օգնելով մարել արդեն ամիսներ շարունակ մոլեգնող հրդեհները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հրդեհային ծառայությունն Ինդոնեզիային աջակցելու նպատակով ուղարկել է մեկ C-130 Hercules և մեկ Cessna Citation ինքնաթիռ։ Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալության (BNPB) հայտարարության համաձայն՝ երկու օդանավերն էլ հրդեհաշիջման աշխատանքներին կմիանան նոյեմբերի 6-12-ը։

«Աջակցությունը ներառում է խոշոր օդային տանկերային ինքնաթիռ, որը մեկ թռիչքի ընթացքում կարող է մինչև 15 հազար լիտր ջուր լցնել և, ըստ գնահատականների, օրական կատարել մինչև վեց թռիչք», - հայտարարել է Ավստրալիայի դեսպան Ռոդերիկ Բրյուս Բրեյզերը։

Ինդոնեզիան պայքարում է վերջին 11 տարվա ընթացքում իր ամենամեծ անտառային հրդեհների դեմ։ Հրդեհներն այրել են հսկայական տարածքներ՝ հիմնականում Սումատրա, Բորնեո և Պապուա կղզիներում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ յոթ նահանգներում հրդեհների և ծխի հետևանքով արձանագրվել է շնչուղիների սուր վարակների ավելի քան 400 հազար դեպք։

Աղետների կառավարման ազգային գործակալության ղեկավար Քրիստոմեյ Սիանտուրին հայտնել է, որ Ինդոնեզիան շարունակում է մեծ ջանքեր գործադրել հրդեհները վերահսկելու նպատակով, այդ թվում՝ իրականացնելով «ջրային ռմբակոծման» և արհեստական անձրև առաջացնելու գործողություններ, ներգրավելով այլ երկրների։

Նոյեմբերի 4-ին Բորնեո կղզու Կենտրոնական Կալիմանտան նահանգում հրդեհաշիջմանը մասնակցող ուղղաթիռ էր կործանվել։ Զինվորականների հայտարարության համաձայն՝ անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում