Չինաստանը Խաղաղ օվկիանոսում հրթիռ է փորձարկել. տարածաշրջանային երկրները քննադատել են արձակումը
2 րոպեի ընթերցում

Չինաստանը Խաղաղ օվկիանոսում ծովային տեղակայման հրթիռի փորձարկում է կատարել: Հրթիռն արձակվել է միջուկային սուզանավից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արձակումն ուղղված չէ որևէ երկրի դեմ, և տարածաշրջանի երկրները տեղեկացվել են դրա մասին:
«Կարող եմ ձեզ ասել, որ սա սովորական ռազմական վարժանք էր։ Այն ուղղված չէր որևէ կոնկրետ երկրի կամ թիրախի դեմ, և համապատասխան երկրները նախապես տեղեկացվել էին: Այն անցկացվել է միջազգային իրավունքի և հաստատված միջազգային գործելակերպի համաձայն։ Համապատասխան մեկնարկային գործողությունն իրականացվել է անվտանգ, ստանդարտ և պրոֆեսիոնալ եղանակով ամբողջ ընթացքում», - Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Դիվանագետը հույս է հայտնել, որ համապատասխան երկրները չափազանց մեծ նշանակություն չեն տա հրթիռի արձակմանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Չինաստանը չի սպառնում տարածաշրջանում և աշխարհում որևէ երկրի: Նրա խոսքով՝ հրթիռի փորձակումը Պեկինի ինքնիշխան իրավունքն է:
Reuters-ի հաղորդմամբ՝ փորձարկումը քննադատության է արժանացել Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից:
Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը Չինաստանի կողմից հրթիռի արձակումը բնութագրել է որպես «ապակառուցողական» տարածաշրջանի համար:
Փորձարկումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Ավստրալիան և Ֆիջին կնքել են պաշտպանական խոշոր դաշինք, որով երկու երկրները պարտավորվում են հարձակման ենթարկվելու դեպքում օգնության հասնել միմյանց: