Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից
2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ կազատեն վիզայի պահանջից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի Օմանի Սուլթանության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։