Տիգրան Ավինյանը դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում․ Ռուբինյան
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական փոփոխություններ է բերել մայրաքաղաքի կառավարման հարցում։
Նա չի կիսում այն գնահատականը, թե քաղաքապետը տապալել է Երևանի կառավարումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Երևանի խցանումների և քաղաքապետի գործունեության վերաբերյալ հարցին։
«Ես չեմ համարում, որ նա տապալել է Երևան քաղաքի կառավարումը։ Հակառակը՝ համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում և, կարծում եմ, կշարունակի բերել»,- ասել է Ռուբինյանը։
Խոսելով խցանումների մասին՝ նա դրանց պատճառների թվում մատնանշել է ավտոմեքենաների թվի կտրուկ աճն ու բնակչության ավելացումը։
«Դա անխուսափելի խնդիր է ցանկացած զարգացող քաղաքի համար, բայց ես սա չեմ ասում որպես ոչինչ չանելու բացատրություն։ Կա օբյեկտիվ խնդիր, և այդ օբյեկտիվ խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն։ Ես վստահ եմ, որ նրանք աշխատում են այս ուղղությամբ»,- ընդգծել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ խցանումների մասին իր դժգոհությունն է հայտնել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ռուբինյանը նշել է, որ այդ խնդրի մասին խոսում են բոլորը։
«Տիկին Հակոբյանը բարձրացրել է հարց խցանումների մասին։ Այդ խցանումների մասին խոսում են բոլորը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Նոյեմբերի 17-ին Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է խցանումների խնդրի լուծման հնարավոր ուղղությունները։ Նա անհրաժեշտ է համարել ամբողջությամբ առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գոտիները, քննարկել առողջապահական հիմքով մարդատար ավտոմեքենաների սահմանափակումներ և շարունակական միջոցներ կիրառել երթևեկությանը խոչընդոտող խախտումները նվազեցնելու համար։ Քաղաքապետի խոսքով՝ լուծումների տարբերակները ներկայացվելու են հանրային քննարկման։ Ավինյանը նաև նշել է, որ Արշակունյաց–Իսակով ճանապարհի և Նորագավիթի էստակադայի կառուցումը որոշակիորեն կբարելավի երթևեկությունը, սակայն միայն այդ ենթակառուցվածքային ծրագրերով խցանումների խնդիրը չի լուծվի։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նվազեցնել մարդատար ավտոմեքենաների թիվը և առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին։