Երևան

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

2 րոպեի ընթերցում

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Երևանի խցանումների խնդրի լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գծերը, տարբեր հատվածներում առողջապահական հիմքով մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնել, ինչպես նաև շարունակական մեխանիզմներ կիրառել երթևեկության կանոնների խախտումները նվազեցնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Երևան քաղաքի ավագանու  7-րդ  նստաշրջանի 3-րդ նիստին իր ելույթում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մարդատար ավտոմեքենաների թիվը պետք է նվազի, որպեսզի քաղաքում հնարավոր լինի ապահովել բնականոն երթևեկություն։

Քաղաքապետը շեշտեց, որ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի աճն է՝ շեշտելով, որ այդ պայմաններում անհրաժեշտ է առավելության տալ հանրային տրանսպորտին։

«Մենք պետք է համադրենք ավտոմեքենաների քանակի սահամնափակումը նաև առողջապահական խնդրի հետ»,- ասաց Ավինյանը՝ պարզաբանելով, որ խոսքն ավտոմեքենաներից արտանետվող NO2-ի մասին է, որն ուղղակիորեն կորելացված է թոքային, շնչառական խնդիրների հետ։

Նրա խոսքով՝ այս խնդիրների լուծումների տարբերակները դրվելու են հանրային քննարկման։  

Ավինյանը հավելեց, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհի կառուցումը և Նորագավիթի էստակադայի շինարարությունը որոշակիորեն կկարգավորեն երթևեկությունը, սակայն չեն լուծի խցանումների խնդիրը։

Անդրադառնալով կառուցապատման և խցանումների միջև կապին՝ քաղաքապետը նշեց, որ շենքերը չեն ստեղծում խցանումներ, դրանք ստեղծում են մարդիկ և ավտոմեքենաները։

Նրա խոսքով՝ 2021 թվականին բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման ռեկորդային՝ 108 շինթույլտվություն է տրվել։  

«Այսօր շահագործման են հանձնվում այն շենքերը, որոնց կառուցման թույլտվությունները տրվել են այդ ժամանակահատվածում։ Դրանից հետո նման ծավալի շինթույլտվություններ չեն տրվել։ Մասնավորապես, 2025 թվականին տրվել է 37 շինթույլտվություն»,-հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում