Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառները
4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության խնդիրներին՝ նշելով, որ խցանումների պատճառներից մեկը ավտոմեքենաների թվի կտրուկ աճն է, որը պայմանավորված է նաև երկրի տնտեսական զարգացմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ հանրային քննարկումներում շրջանառվող տարբեր թեզերին՝ կապված մայրաքաղաքի տրանսպորտային իրավիճակի հետ։
«Սա լավ առիթ է մեր տրանսպորտային իրավիճակի և ընթացիկ վիճակի մասին խոսելու, որովհետև շատ տարբեր թեզեր են պտտվում Երևան քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ, և կարծում եմ՝ այդ թեզերին անդրադառնալու կարիք կա, որովհետև եթե մենք չենք անդրադառնում այդ թեզերին, անդրադառնում են շատ տարբեր մարդիկ, ովքեր, կարծես թե, չեն պատկերացնում համակարգային խնդիրը»,-ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ ավելացել է նաև հանրային տրանսպորտից օգտվողների թիվը։ Այսօր հասարակական տրանսպորտով օրական միջինում իրականացվում է շուրջ 530 հազար վալիդացիա՝ ներառյալ մետրոպոլիտենը։ Այս ցուցանիշը տասը տարվա վաղեմության տվյալների համեմատ աճել է 60-70 տոկոսով։
«Երևան քաղաքում ավելացել են ավտոմեքենաները՝ էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում տնտեսությունն աճում է, համախառն ներքին արդյունքն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո՛, գնում են մեքենա»,-նշել է նա։
Անդրադառնալով երթևեկության ծանրաբեռնվածության վրա նորակառույց շենքերի և շինթույլտվությունների ազդեցությանը՝ քաղաքապետը նշել է, որ դրանք ինքնին չեն առաջացնում երթևեկության խնդիրները։ Նրա խոսքով՝ շենքերի ավտոկայանատեղիներում մեքենաներն ինքնաբերաբար չեն հայտնվում, դրանք գնում են այն մարդիկ, որոնք եկամուտ են ստանում։ Ավինյանի խոսքով՝ շինարարության տեմպերի դանդաղեցումը կարող է բացասաբար անդրադառնալ անշարժ գույքի շուկայի վրա՝ հանգեցնելով բնակարանների վաճառքի և վարձակալության գների բարձրացման։
Քաղաքապետի խոսքով՝ 2022 թվականից ի վեր կառուցվող նոր շենքերի հաշվին Երևանը նաև ուղղակի ֆինանսական եկամուտներ է ստանում։ Այդ միջոցներով, մասնավորապես, կառուցվել և բարեկարգվել են հարյուրավոր բակեր, ճանապարհներ, ֆուտբոլի դաշտեր, մանկապարտեզներ և մայթեր։
Նա նշել է, որ քաղաքային զարգացման ուղղությունը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել իրականացված աշխատանքները։ Միաժամանակ նա ընդունել է, որ մայրաքաղաքում երթևեկության խնդիրն աստիճանաբար ավելի է սրվում։ Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտի աշխատանքի արդյունավետության վրա նույնպես ազդում են պիկ ժամերին մարդատար ավտոմեքենաների մեծ թիվը։ «Հանրային տրանսպորտն աշխատում է վատ, որովհետև մարդատար ավտոմեքենաները շատ են։ Պիկ ժամերին մեր հանրային տրանսպորտը չի կարողանում հասնել կանգառ»,-ավելացրել է քաղաքապետը։
Նա որպես խնդիր առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են իրենց բնակության վայրից հեռու գտնվող դպրոցներ։
«Պետք է ստանդարտի բերվեն բոլոր դպրոցները, բայց մենք մեզ այլևս չենք կարող թույլ տալ այն հնարավորությունները, որոնք որ թույլ ենք տվել նախկինում»,-ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է, որ պետք է կենտրոնանալ նաև մարզերում աշխատատեղերի վրա։
«Երևան քաղաքում շարժունակությունը շենքերը չեն ստեղծում, մարդիկ են ստեղծում։ Եթե Երևան քաղաքում են շարունակվում աշխատատեղեր բացվել, ավտոմատ կերպով շարժը Երևան է տեղափոխվում»,-նշել է նա՝ հավելելով, որ պետք է ինտենսիվ քննարկումներ կայանան, խնդիրները ներկայացնել և բոլոր լուծումները դնել հանրային քննարկման։