ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը հյուրընկալվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի արվեստի դպրոցը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող, բանահավաք ու մանկավարժ Թովմաս Պողոսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը կազմակերպվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանի նախաձեռնությամբ և Կարմիրգյուղի բնակիչ Վահագն Հովհաննիսյանի աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Ջրաղացպանյանի ղեկավարությամբ, ներկայացրել են Թովմաս Պողոսյանի կյանքի և գործունեության մասին տեղեկություններ, իսկ արվեստի դպրոցի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով։
Աշուղական արվեստի առանձնահատկությունների, դրա պահպանման ու տարածման կարևորության մասին հետաքրքիր և բովանդակալից ելույթով հանդես է եկել Թովմաս Պողոսյանը՝ ներկայացնելով իր հարուստ փորձն ու տարիների գործունեությունը։
Անվանի արվեստագետի կատարած աշխատանքի, մշակութային նշանակալի ավանդի և ծավալած գործունեության մասին իրենց գնահատանքի ու երախտագիտության խոսքն են ասել Գավառի համայնքապետարանի առաջատար մասնագետ, մշակութային հարցերով պատասխանատու Հռիփսիմե Զանգիզորյանը, Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանը, Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Գափոյանը, Կարմիրգյուղի բնակիչ, Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում «Հայեցի դաստիարակություն» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր-ղեկավար Սուսաննա Վարդանյանը և Գավառի պետական երաժշտական քոլեջի դասախոս Նաիրա Պետրոսյանը։
«Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ դառնալով սերունդների միջև մշակութային կապի ամրապնդման, ազգային երգարվեստի արժևորման և աշուղական արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման գեղեցիկ առիթ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։