Ախուրիկում կառուցվում է նոր երիտասարդական կենտրոն
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում կառուցվում է նոր երիտասարդական կենտրոն:
Ախուրյանի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հիմքից կառուցվող կենտրոնի մակերեսը 140 քառակուսի մետր է։ Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 28 մլն դրամ։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ «Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառույցը կտրամադրվի համայնքին։ Կենտրոնի հետագա գործունեության, այդ թվում՝ կոմունալ ծախսերի և աշխատատեղերի ապահովման պատասխանատվությունը կստանձնի համայնքը»,-նշել են Ախուրյանի համայնքապետարանից։

Նոր կենտրոնը նախատեսված է երիտասարդների ժամանցի կազմակերպման, ինչպես նաև կրթական և մշակութային տարբեր խմբակների ստեղծման ու զարգացման համար։