Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները
4 րոպեի ընթերցում

Պաշտոնապես ազդարարվեց «Հայ-հունգարական գործարար խորհուրդ» հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկը։ Կազմավորված խորհրդի առանցքային նպատակներն են հայ-հունգարական գործարար կապերի ձևավորումը, երկկողմ ներդրումների խթանումը, Հայաստանի և Հունգարիայի ապրանքների ծառայությունների առաջխաղացումը, տեղեկատվության և փորձի փոխանակումը։
«Հայ-հունգարական գործարար խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մարիա Շիկոն «Արմենպրես»-ի թղթակցին տված ճեպազրույցում ընդգծեց, որ Հայաստանի սննդի արդյունաբերությունը, մրգերի ու բանջարեղենի արտադրությունը, նաև ձկնարդյունաբերությունը կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել հունգարական շուկայի համար։
«Թե՛ հումքը, թե՛ արդեն վերամշակված որոշ ապրանքներ կարող են մուտք գործել ոչ միայն հունգարական, այլև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաներ։ Կարծում եմ՝ Հայաստանի համար Հունգարիայի հետ գործակցությունը խորացնելու հնարավորություններ կան նաև ծառայությունների, ՏՏ, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանի տնտեսությունն ու բիզնեսը զարգացած են, սակայն դրանք պետք է ուղղվեն դեպի Եվրոպա և գործեն եվրոպական չափանիշներով․ հուսով ենք՝ կկարողանանք օգնել ձեզ այդ հարցում»,- նշեց Աննա Մարիա Շիկոն։

Հայաստանում Հունգարիայի նախկին դեսպան Շիկոն կարևորեց, որ վերջին տարիներին Եվրոպայում մեծ հետաքրքրություն է առաջացել հայկական արտադրանքի նկատմամբ, ուստի գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, ինչը պետք է իրացնել։
«Հայ-հունգարական գործարար խորհուրդ» հասարակական կազմակերպության միջազգային գործարար կապերի գծով տնօրեն Զոլտան Սամերֆիլդն էլ նշեց, որ իրենք Հունգարիան դիտարկում են որպես դեպի Եվրոպա տանող դարպաս հայկական բիզնեսների համար։ Սամերֆիլդը նաև տեղեկացրեց, որ նախատեսում են կազմակերպել կապերի հաստատմանն ուղղված կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ հայկական բիզնեսի ներկայացուցիչների այցելություններ Հունգարիա։

«Բացի այդ, ծառայությունները կներառեն կրթական ծրագրեր և խորհրդատվություն՝ կապված Եվրոպական միությունում ընդունվող նոր օրենքների ու կանոնակարգերի հետ։
Հայաստանը վերջին շրջանում ավելի է մոտենում Եվրոպական միությանը, մենք ցանկանում ենք աջակցել այդ գործընթացին՝ բիզնեսի միջոցով»,- ասաց Զոլտան Սամերֆիլդը։
Ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ հայկական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացիային՝ ընդգծելով, որ ավարտվող տարվա ընթացքում ցուցանիշներում որոշակի դրական տեղաշարժ կա, բայց անհրաժեշտ է այդ ուղղությամբ ավելի մեծ առաջընթաց գրանցել։
«Նաև պետք է նշեմ, որ հայկական արտադրանքը Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցնելու համար մեր գործարարները որոշակի ժամանակի անհրաժեշտություն կունենան։ Իմ հորդորն այն է, որ մեր գործարարներն արագ իրականացնեն ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը։ Մեր գործարարների կողմից պետք է լինի հետևյալ մոտեցումը՝ գնալ կայուն և երկարաժամկետ եկամուտ բերող ճանապարհով։
Եթե նույնիսկ չլիներ Եվրոպական միության երկրներ արտահանելու հարցը, մեր ներքին կարգավորումներով մենք կամաց-կամաց անդրադառնալու էինք բոլոր ապրանքատեսակների որակին։ Մենք մինչև ԵՄ շուկաներ արտահանման մեկնարկն արդեն սկսել էինք որակի գնահատման աշխատանքները։ Գրագետ աշխատելու դեպքում մենք կհաջողենք»,- ընդգծեց Արման Եղոյանը։

«Հայ-հունգարական գործարար խորհուրդ» նորաստեղծ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ մոտ ապագայում արդյունքները տեսանելի կլինեն։
