Քաղաքականություն

Բրյուսելում քննարկվում են Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի անվտանգության ու հաղորդակցային կապերի հարցերը

3 րոպեի ընթերցում

Բրյուսելում քննարկվում են Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի անվտանգության ու հաղորդակցային կապերի հարցերը

Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո Բրյուսելում անցկացվում է միջտարածաշրջանային անվտանգության և հաղորդակցային կապերի հարցերով նախարարական երկրորդ հանդիպումը, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում են Եվրոպայի, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունների զարգացումը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման հարցերը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպմանն ընդառաջ նշել է, որ քննարկումների առանցքում լինելու են Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն ու հաղորդակցային կապերը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սև ծովում տեղի ունեցած հարձակումների ֆոնին անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հնարավորությունները։

Կալասը նաև ընդգծել է, որ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ աղբյուրները, առևտրային ուղիներն ու մատակարարման շղթաները՝ կարևորելով այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման հաղորդակցային օրակարգը ներառում է տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացումը։ Քննարկումների կարևոր ուղղություններից է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ընդլայնումը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի ներգրավմամբ։

Անվտանգության թեմատիկ քննարկումներում նախատեսվում է անդրադառնալ Սև ծովի ռազմավարական նշանակությանը, տարածաշրջանային անվտանգության իրավիճակին, ծովային տրանսպորտին, հիբրիդային սպառնալիքներին և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը։

Հանդիպման արդյունքներով պարզ կդառնա, թե մասնակից երկրները ինչ քայլեր են նախատեսում միջտարածաշրջանային կապերի ամրապնդման և Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում