Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Կամբոջա այցի ճանապարհին Նյու Դելիում ունեցած կարճատև կանգառի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց ինտենսիվ բնույթը՝ միաժամանակ կարևորելով փոխշահավետ կապերի հետևողական զարգացումը:
Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ»: