Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն
9 րոպեի ընթերցում

Երևանում «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական միջոցառման շրջանակում անցկացվել է «ԱԲ Ագորա» քննարկումը, որի ընթացքում պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներն ու քաղաքացիները քննարկեցին Հայաստանում արհեստական բանականության զարգացման հնարավորությունները, դրա պատասխանատու կիրառումը, ինչպես նաև տնտեսության, աշխատանքի և հասարակության վրա ունեցած ազդեցությունը։
Քննարկումների առանցքում էին նաև արհեստական բանականության ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը, մասնագետների պատրաստումը և քաղաքացիների մասնակցությունը նոր տեխնոլոգիաների վերաբերյալ որոշումների կայացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արհեստական բանականությունը՝ մարդկանց, աշխատանքի և ժողովրդավարության համար» խորագրով միջոցառումը նոյեմբերի 13-14-ը անցկացվող «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության գլխավոր միջոցառումն է:
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին կարևորեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Արհեստական բանականության օրեր 2026»-ը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ընդգրկել է ամբողջ երկիրը։
«Արհեստական բանականությունը մեծ զարգացում և էական փոփոխություններ է բերում հասարակության մեջ՝ ազդելով այն բանի վրա, թե ինչպես ենք ապրում և ինչպես է ձևավորվելու մեր ապագան։ Կարևոր է, որ մենք արհեստական բանականությունն օգտագործենք պատասխանատու կերպով՝ առավելագույնի հասցնելով դրա օգուտները և նվազեցնելով այն ռիսկերը, որոնք այն առաջացնում է։ Չափազանց կարևոր է նաև, որ արհեստական բանականության կիրառումը համապատասխանի էթիկական և պատասխանատու չափանիշներին, որպեսզի դրա օգուտները հավասարապես հասանելի լինեն հասարակության բոլոր անդամներին»,- նշեց Նացվլիշվիլին։

Նա հավելեց, որ ՄԱԶԾ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության, գործարար հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ երկրում արհեստական բանականության լայնածավալ, արդյունավետ և պատասխանատու կիրառումը խթանելու նպատակով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում ստեղծված արհեստական բանականության ենթակառուցվածքներին և դրանց միջոցով երկրի համար իրական արժեք ստեղծելու անհրաժեշտությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված ԱԲ գործարանը կարևոր ձեռքբերում է, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է առկա ենթակառուցվածքներն ու երկրի մրցակցային առավելությունները վերածել տնտեսության և հասարակության համար գործնական արդյունքների։ Փոխնախարարը նշեց, որ ներկայում Հայաստանն ունի հետխորհրդային տարածաշրջանում գրաֆիկական պրոցեսորների (GPU) ամենամեծ քանակը, ինչը կարևոր նախապայման է սեփական արհեստական բանականության համակարգերի զարգացման համար։
«Մի բան է ունենալ ենթակառուցվածք, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր է, և բոլորովին այլ բան է մեր երկրի համար արժեք ստեղծելը։ Խոսքը ոչ թե պարզապես գրաֆիկական պրոցեսորների վերավաճառքով զբաղվելու, այլ դրանք հենց մեր երկրում օգտագործելու մասին է։ Սա շատ կարևոր է ինքնիշխան արհեստական բանականության համար։ Առաջին պայմանն այդ պրոցեսորներն ունենալն է, իսկ երկրորդը՝ ապահովելը, որ դրանք ծառայեն մեր երկրին՝ հնարավորություն տալով այստեղ անվտանգ պահել մեր տվյալները, ունենալ արհեստական բանականության սեփական մոդելները և դրանց հիման վրա նոր լուծումներ ստեղծել»,- ընդգծեց Ասլանյանը։

Փոխնախարարը կարևորեց նաև համապատասխան մասնագետների պատրաստումը՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ինժեներական ուժեղ ներուժ, սակայն անհրաժեշտ է մասնագիտացնել և վերապատրաստել այդ կադրերին՝ նրանց ինժեներական գիտելիքները համադրելով արհեստական բանականության հմտությունների հետ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ արհեստական բանականության զարգացումը Հայաստանի համար ոչ միայն տեխնոլոգիական ներուժի, այլև նոր հնարավորությունների հարց է։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը փոխում է ամբողջ աշխարհը՝ նոր հնարավորություններ ստեղծելով ինչպես խոշոր, այնպես էլ փոքր երկրների համար։ Հայաստանը նույնպես ունի մրցակցային առավելություններ, որոնք կարող է օգտագործել տնտեսության, գիտության, հետազոտությունների և այլ ոլորտների զարգացման նպատակով։

Ենգիբարյանն անդրադարձավ նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի աճին՝ նշելով, որ եթե 2000 թվականին երկրում գործում էր շուրջ 30 կազմակերպություն՝ 300 մասնագետով, ապա այժմ խոսքը մոտ 14 հազար կազմակերպության և 45 հազար մասնագետի մասին է։
Նա կարևորեց արհեստական բանականության կիրառումը ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններում, այլև գիտահետազոտական հաստատություններում, փոքր և միջին բիզնեսում ու պետական կառավարման համակարգում։
«Կարծում եմ՝ պետք է բանաձևը մի փոքր փոխել։ Մենք գործ չունենք պոտենցիալի հետ, մենք գործ ունենք հնարավորության հետ։ Արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխում է աշխարհը և ստեղծում շատ մեծ հնարավորություններ։ Հայաստանն այստեղ ունի հետաքրքիր մրցակցային առավելություններ։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ գործիքն օգտագործել մեր տնտեսության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար»,- նշեց Ենգիբարյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ միայն արհեստական բանականության մասին հարուստ գիտելիքը բավարար չէ։ Անհրաժեշտ է սովորել նաև գործնականում կիրառել նոր տեխնոլոգիաները, ուսումնասիրել դրանց հնարավորությունները և հասկանալ, թե ինչպես կարող են դրանք օգտակար լինել տարբեր ոլորտներում։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանն էլ նշեց, որ արհեստական բանականությունն արդեն դարձել է մարդկանց առօրյայի անբաժանելի մասը՝ ազդելով աշխատանքի, հաղորդակցության, առողջության և ապագայի վերաբերյալ պատկերացումների վրա։
«Հետևաբար, մեզ համար շատ կարևոր է, որ քաղաքացին և Հայաստանի բնակիչն իրեն զգա իր ճակատագրի տերը և մտնի այդ քննարկման մեջ որպես դերակատար, այլ ոչ թե պարզապես մասնակից, որի վրա ազդում են տարբեր քաղաքականություններ և որոշումներ։ Մենք Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարների դիտարկման ճանապարհը տեսնում ենք մասնակցային եղանակով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր փորձառությունից, գիտելիքներից, հմտություններից և խնդիրներից ելնելով՝ արտահայտել իր տեսակետը»,- ընդգծել է Ճորոխյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի տարբեր բնակավայրերում անցկացվել են մի քանի տասնյակ միջոցառումներ, որոնց միացել են ավելի քան 150 կազմակերպություններ և դպրոցներ։ Դրանց միջոցով տարբեր համայնքների ու հասարակական խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել ծանոթանալու արհեստական բանականության հնարավորություններին և քննարկելու դրա պատասխանատու կիրառման հարցերը։
Ճորոխյանի խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս հավաքագրել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք հետագայում կարող են ներկայացվել համապատասխան պետական մարմիններին՝ ռազմավարությունների և ծրագրերի մշակման ընթացքում հաշվի առնելու համար։
«Արհեստական բանականության օրեր 2026» միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։