Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 15-ին կբացվի միջգիտակարգային արվեստագետ Սոնա Աբգարյանի «Ճնշման ցուցիչ» ցուցահանդեսը, որը միավորում է գեներատիվ արհեստական բանականությունը, գեղանկարչությունն ու քանդակը։
«Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության շրջանակում կազմակերպվող ցուցադրությունը նպատակ ունի բացահայտելու տեխնոլոգիաների և արվեստի փոխազդեցությունը՝ այցելուներին հնարավորություն տալով նորովի ընկալելու արհեստական բանականության ազդեցությունը մարդկային զգայական փորձառության վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ» ծրագրի չորրորդ նախագիծն է և պատկերասրահում ներկայացվող առաջին արվեստի գործը, որի ստեղծման ընթացքում կիրառվել է արհեստական բանականություն։
«Ճնշման ցուցիչ» ինստալյացիան անդրադառնում է ժամանակակից աշխարհի կարևոր հարցադրումներից մեկին՝ արդյոք արհեստական բանականությունը կընդլայնի մարդու ստեղծագործական հնարավորություններն ու իրականության մասին պատկերացումները, թե կձևավորի նոր սահմանափակումներ։
Արվեստագետ Սոնա Աբգարյանի խոսքով՝ իր համար կարևոր է ոչ միայն ստեղծագործության ստեղծման գործընթացը, այլև դիտողի մասնակցությունն ու այն նոր փոխհարաբերությունը, որը ձևավորվում է արվեստի գործի հետ առնչվելիս։
«Մենք միշտ նայում ենք ստեղծագործության տեսանկյունից, բայց կարծում եմ՝ այս պարագայում շատ կարևոր դեր ունի նաև դիտողը։ Նա, կարծես, մտնում է մի պատմության մեջ, և ստեղծվում է փոխհարաբերությունների նոր տեսակ։ Չեմ կարող ասել, որ դա շատ է տարբերվում մարդկային փոխհարաբերություններից, որովհետև արհեստական բանականության ամբողջ հիմքը նույնպես մարդու ստեղծածն է։ Ավելին՝ արհեստականությունը որոշակիորեն առկա է նաև մարդկային հարաբերություններում»,- նշեց արվեստագետը։
Աբգարյանը նշեց, որ արհեստական բանականության հետ աշխատելիս հաճախ զուգահեռներ է անցկացրել մարդկային հարաբերությունների հետ՝ բացահայտելով դրանց միջև բազմաթիվ նմանություններ։
«Ինձ համար այս փորձառության նպատակը ոչ թե հարցերին պատասխանելն է, այլ հետաքրքիր հարցադրումներ անելը։ Արհեստական բանականության հետ աշխատելիս անընդհատ զուգահեռներ էի տանում մարդկանց հետ փոխհարաբերությունների հետ։ Դրանք շատ նման են, որովհետև այն սահմանափակումները, որոնք ունի արհեստական բանականությունը, հիշեցնում են մարդկային հարաբերություններում մեր ունեցած ակնկալիքներն ու դրանց չիրականացումը։ Հետաքրքիր է աշխատել սահմանափակումների շրջանակում և փորձել նոր ճանապարհներ գտնել»,- ընդգծեց նա։
Արվեստագետի համոզմամբ՝ ժամանակակից ստեղծագործողի գլխավոր մարտահրավերներից մեկը զանգվածային արտադրության և տեղեկատվական հոսքերի պայմաններում իսկապես արժեքավոր ու հետաքրքիր ստեղծագործություն ներկայացնելն է։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանն իր հերթին ընդգծեց, որ ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկն արհեստական բանականությունը ոչ միայն տրամաբանության ու գիտության, այլև զգայական ընկալման տեսանկյունից ներկայացնելն է։
«Մենք սովորաբար ցանկանում ենք ներկայացնել, որ մեր կյանքում որոշումները հիմնականում կայացվում են բանականության միջոցով։ Սակայն ակնհայտ է, որ զգայական աշխարհը նույնքան ազդեցություն ունի մեր որոշումների վրա, որքան բանականությունն ու դատողությունը։ Ըստ էության, սա առաջին փորձն է՝ արհեստական բանականությունը, որն անմիջականորեն առնչվում է բանականության դաշտին, բերել նաև զգայական դաշտ՝ այն տարածք, որի հետ մենք առնչվում ենք արվեստի միջոցով»,- նշեց Ճորոխյանը։
Նրա խոսքով՝ արվեստի, գիտության, գիտակցության և բանականության համադրումը հնարավորություն է տալիս առավել բազմակողմանիորեն ներկայացնելու արհեստական բանականության ազդեցությունը մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա։
Ճորոխյանի գնահատմամբ՝ ցուցադրությունը կարևոր փորձառություն է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի համար, քանի որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվում հանրությանը ներկայացնելու գեներատիվ արհեստական բանականության և արվեստի համադրությամբ ստեղծված աշխատանք։
Սոնա Աբգարյանի «Ճնշման ցուցիչ» ինստալյացիան ներառում է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութ, գեղանկարչական և քանդակային աշխատանքներ։ Արվեստագետը համադրում է հոլիվուդյան կինոյի, բարոկկո գեղանկարչության, գովազդային լուսանկարչության և տեսախաղերի պատկերային լեզուն՝ ստեղծելով սյուրռեալիստական աշխարհ, որտեղ ծանոթ պատկերները վերածվում են անսպասելի զուգորդումների։ Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է։
Ցուցադրությունն իրականացվում է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության շրջանակում, որը կազմակերպում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԿԶՆ նորարարական կենտրոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։
Այն Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչև նոյեմբերի 29-ը։