Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը
4 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։
«Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այսօր Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը
Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի։
Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։
Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։
Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։
Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,-ասված է հայտարարության մեջ։