Քաղաքականություն

Երևանում հանդիսավորությամբ նշվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի տարեդարձը

5 րոպեի ընթերցում

Երևանում  հանդիսավորությամբ նշվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի տարեդարձը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի տարեդարձի առթիվ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել՝ մեկ հարկի տակ համախմբելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչների, քաղաքական և մշակութային գործիչների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որի մեկնարկն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի հիմները հնչեցնելով՝ անցկացվեց նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Տոնական օրը Մեծ Բրիտանիայի դեսպանության համար լավ առիթ էր՝ անդրադառնալու երկու երկրների, գործընկերների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք շարունակում են զարգանալ։

«Ձեզնից ոմանք գիտեն, որ Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում առաջին անգամ եմ նշում թագավորի ծննդյան տոնը։ Ուստի, ինչպես կաներ ողջամիտ մարդը, աշխարհի տարբեր երկրների գործընկերներիցս օգտակար խորհուրդներ ու առաջարկություններ հարցրի։ Նրանք հիմնականում հիշեցնում էին, որ սա, ի վերջո, ծննդյան, ոչ թե ազգային տոն է։ Մենք այսօր այստեղ ենք՝ տոնելու Նորին Մեծության ծննդյան օրը և այն բացառիկ համագործակցությունը, որը դեսպանությունն ունեցել է ներկաներից յուրաքանչյուրի հետ։ Տարին եղել է հագեցած՝ լի հիշարժան պահերով և մեր հարաբերությունների տարբեր ոլորտներում արձանագրված նշանակալի հաջողություններով»,-ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Նա ընդգծեց, որ Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության համար հրաշալի տարի էր, քանի որ բազմաթիվ հաջողություններ են արձանագրվել, և դեսպանը հույս ունի, որ ձեռքբերումները շարունակական կլինեն։ 

Ալեքսանդրա Քոուլն աջակցության համար շնորհակալություն հայտնեց նաև մի քանի մասնավոր ընկերությունների, որոնք մշտապես դեսպանության կողքին են, և առանց որոնց նման միջոցառումների իրականացումը դյուրին չէր լինի։

«Շնորհակալ եմ դեսպանության թիմին ոչ միայն կազմակերպված միջոցառման, այլև քրտնաջան աշխատանքով, բազմաթիվ ձեռքբերումներով, ուրախ պահերով լի տարվա համար։ Դուք այն լավագույն թիմն եք, որի մասին ցանկացած դեսպան կարող է երազել»,-ընդգծեց Քոուլը՝ խոսքը տրամադրելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Մհեր Գրիգորյանը մեծ պատիվ համարեց ՀՀ կառավարության անունից ողջունել ներկաներին և շնորհավորել Նորին Մեծություն Չարլզ III-ի ծննդյան պաշտոնական տոնակատարության առթիվ։ 

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված մեզ միավորող համընդհանուր արժեքների վրա։ Այս տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր հանգրվան էր և քաղաքական ամուր հիմք է մեր հետագա փոխշահավետ և բազմոլորտ համագործակցության համար։ Հատկապես ողջունելի է գործընկերության տնտեսական բաղադրիչի զարգացումը։ Համոզված եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված էական դրական դինամիկայի հիման վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը՝ մեր ընդհանուր ջանքերը վերածելով շոշափելի արդյունքների»,-ընդգծեց փոխվարչապետը։

Չարլզ III-ը ծնվել է Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում և դարձել է գահի ժառանգորդ երեք տարեկանում՝ Գեորգ VI թագավորի մահից և մոր՝ Եղիսաբեթ II-ի թագադրումից հետո։ Նա կրթություն է ստացել տանը, 1970 թվականին արվեստի բակալավրի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում, իսկ 1975 թվականին՝ մագիստրոսի աստիճան։

Չարլզ III-ը 1971-ից 1976 թվականներին ծառայել է բանակում՝ ավարտելով ուղղաթիռի օդաչուի պատրաստությունը և ծառայելով նավատորմում։ Ներկայումս նա ունի ֆելդմարշալի կոչում։

Ուելսի արքայազնի կոչում է ստացել 1958 թվականին, իսկ պաշտոնական ինվեստիտուրայի արարողությունը տեղի է ունեցել 1969 թվականին։

Նա զբաղվում է բարեգործական աշխատանքներով և կատարում է թագավորական ընտանիքի անդամի ավանդական պարտականությունները։ Չարլզ III-ը Անգլիայի եկեղեցու հետևորդ է։

2022 թվականի սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Չարլզը դարձել է Չարլզ III թագավոր։ Նրա թագադրումը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 6-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում