Լիտվայի նախագահը ողջունել է Փաշինյանի և Ալիևի ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի նախագահն այդ մասին ասել է Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ողջունում եմ երկու երկրների առաջնորդների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի գործադրած ջանքերը։ Կարծում եմ՝ դրանք շատ դրական արդյունքներ են տվել, և այժմ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ Հուսով եմ, որ ապագայում նրանց միջև հարաբերությունները կշարունակեն բարելավվել։ Սա շատ կարևոր է երկու երկրների եվրոպական ձգտումների համար»,- ընդգծել է Լիտվայի նախագահը։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Նաուսեդան նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ընտրել է խաղաղության, բարգավաճման և եվրոպական ապագայի ուղին։
«Լիտվան Հայաստանի վաղեմի և մտերիմ դաշնակիցն է։ Մենք կօգտագործենք մեր փորձն ու գիտելիքները՝ եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար»,- ասել է Գիտանաս Նաուսեդան։