Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու վերաբերյալ հարց չի քննարկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ խոսելով նաև Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին։

«Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց օրակարգում չի եղել։ Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների մասով առկա պարտքերը, կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ թե՛ անձնակազմ գործուղելու, թե՛ կազմակերպության գործունեությանը մասնակցելու առումով։ Որոշումը կախված է Հայաստանի ղեկավարությունից։

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը ո՛չ անդամավճարներն է վճարել, ո՛չ էլ իր անձնակազմն է ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն կամ միացյալ շտաբ։ Փաստացի, թեև Հայաստանը տեխնիկապես ներկա է եղել Մշտական ​​խորհրդի նիստերին, բայց չի մասնակցել որևէ քննարկման և որևէ ներդրում չի ունեցել այդ աշխատանքներում։ Արդյունքում՝ օրակարգում ընդգրկվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հարց. մի հոդված, որն, ըստ էության, նկարագրում է հենց այն իրավիճակը, որը գործնականում տեղի է ունենում արդեն գրեթե երեք տարի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Թաալաթբեկ Մասադիկովը նաև հավելել է, որ նախորդ տարիներին Հայաստանը և հայ ժողովուրդը շատ դրական ու կառուցողական ներդրում են ունեցել ՀԱՊԿ-ի աշխատանքներում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից։

Հայաստանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառվել են։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում