Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ կառուցված ՀՀ անվտանգության այն բանաձևը, որը գործել է մինչև 2022 թվականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ընթացքում:
«2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն ակնհայտ են դարձրել, որ, եթե մտածողության նոր թողարկում չունենանք, մենք կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը: Մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս: Անվտանգությունը բազմաշերտ երևույթ է: Մինչև 2022 թվականը գոյություն ունեցող անվտանգության բանաձևն իր էության մեջ պրիմիտիվ էր, որովհետև այն կազմված էր մեկ նախադասությունից՝ ՀԱՊԿ-ը կապահովի մեր անվտանգությունը։ Այս նախադասությունը նախաբան և շարունակություն չուներ: Եթե մենք, օրինակ, գնանք և հետահայաց վերլուծենք 1994-2022 թվականների մամուլը, մենք կտեսնենք հազարավոր փորձագիտական գնահատականներ, որ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ պահին չի ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Հարցն այն է, թե ինչու այդ բոլոր եզրակացությունները չեն բերել հետևությունների»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը տասնամյակներ գնացել է մի ճանապարհով, հստակ իմանալով, թե ուր է հասնելու: