Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը
5 րոպեի ընթերցում

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգը։ Հանդիսավորությամբ բացվեց մասնավոր «ՀայՓաս» ընկերության առաջին մասնաճյուղը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության գրասենյակի առաջին այցելուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Հանրապետության ղեկավարին սպասարկման կենտրոն ուղեկցեցին Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն։


Արփինե Սարգսյանը վարչապետին ներկայացրեց կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։ Վարչապետն անձամբ մասնակցեց նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։



«ՀայՓաս» ընկերությունը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կիրականացնի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ծառայությունները։

Արփինե Սարգսյանը կարևորեց, որ անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվել։ Նրա խոսքով՝ կենսաչափական նոր համակարգի ներդրումը Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը կբարձրացնի նոր մակարդակի՝ բացառելով ինքնության գողության դեպքերը։

«Սա իրականում շատ բարդ և մարտահրավերային առաջադրանք է եղել մեզ համար, որովհետև չենք ունեցել այն գիտելիքն ու հմտությունը, որը թույլ կտար մեզ ինքնուրույն ներդնել այս նոր համակարգը Հայաստանում։ Ուրախ եմ փաստելու, որ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով մենք կարողացել ենք 7-8 տարվա աշխատանքը սեղմել և շատ խիտ գրաֆիկով կազմակերպել շուրջ մեկ տարվա ընթացքում»,- ասաց Արփինե Սարգսյանը։

«ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն էլ վստահեցրեց, որ ստեղծված նոր ենթակառուցվածքներում ներդրվել են բարձրակարգ տեխնոլոգիաներ, նաև անվտանգության համակարգեր՝ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար։

«Սպասարկման այս կենտրոնում մենք ընդունում ենք այն քաղաքացիներին, որոնք գալիս են՝ անցնելու կենսաչափական տվյալների հավաքագրման փուլը՝ իրենց անձը հաստատող փաստաթղթերը ստանալու նպատակով։ Սա մեծ փոփոխություն է, քանի որ նոր ընթացակարգի համաձայն՝ դիմող քաղաքացիները գործընթացը սկսում են առցանց՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալները, ամրագրելով այցելության ժամը և կատարելով վճարումը, ինչից հետո միայն կարող են այցելել սպասարկման կենտրոններ։
Բացի այդ նշեմ՝ անձը հաստատող նոր փաստաթղթի դիզայնը, որն ընտրվել է Ներքին գործերի նախարարության կողմից, միավորում է յուրահատուկ գեղագիտական լուծումներն ու անվտանգության բարդ մեխանիզմները։ Այս շրջանակում ասեմ, որ պոլիկարբոնատի մեջ լազերային եղանակով փորագրված գունավոր լուսանկարը բացառիկ լուծում է համաշխարհային մակարդակով, որը հայկական նոր կենսաչափական անձնագիրը դարձնում է աշխարհի ամենաապահով փաստաթղթերից մեկը»,- ասաց Ռեջիս Բուշյեն։

«ՀայՓաս» ընկերության անդրանիկ մասնաճյուղի բացվելուց րոպեներ անց նախագրանցված առաջին քաղաքացիներն անցան կենսաչափական տվյալների հավաքագրման փուլը։ Կենսաչափական նոր անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմողները պետք է նախագրանցվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և գործընթացը սպասարկող մասնավոր «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքերում այսօրվանից գործարկված համապատասխան հարթակներում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ այն անձինք, ովքեր դժվարություններ կունենան նախագրանցումն առցանց եղանակով իրականացնելիս, կարող են այցելել «Հայփաս» ընկերության սպասարկման կենտրոններ և տեղում անցնել այդ փուլը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն անհրաժեշտ խորհրդատվություն կարող են ստանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կենտրոններում, որոնք դեռևս կշարունակեն իրենց գործունեությունը։

«Երևանում ծառայությունները մատուցվելու են երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09։00-22։00 գրաֆիկով։ Մայրաքաղաքում կգործի սպասարկման երկու գրասենյակ։ Առաջիկա երկուշաբթիից ևս 12 գրասենյակներ կբացվեն, արդեն՝ մարզերում։ Մարզային գրասենյակները կաշխատեն 09։00-18։00-ն։ Մինչև 2027 թվականի առաջին եռամսյակ ամբողջ երկրում գրասենյակների թիվը կհասցնենք 23-ի»,- ասաց Նելլի Դավթյանը։

Կենսաչափական նոր անձնագրի համար քաղաքացիները կվճարեն 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը կարժենա 5950 դրամ։ Կենսաչափական նոր փաստաթղթերը քաղաքացուն կտրամադրվեն 14 աշխատանքային օրվա ընթացքում։
Նարեկ Առուշանյան