Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց
1 րոպեի ընթերցում

Իսրայելի Հայֆայի համալսարանը ներկայացնող Վիկտոր Օկնյանսկին «Տեսքը փոփոխող ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությունը երկարաժամկետ բազմաալիքային դիտարկումների և արձագանքման քարտեզագրման միջոցով» թեմայով գիտական զեկույց է ներկայացրել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է աստղադիտարանի մամուլի ծառայությունը։
Զեկուցողը ներկայացրել է ակտիվ գալակտիկական միջուկների փոփոխականության ուսումնասիրության արդյունքները, երկարաժամկետ դիտարկումների նշանակությունը և դրանցում կիրառվող հետազոտական մեթոդները։ Հատուկ ուշադրություն է դարձվել NGC 4151, NGC 1566 և NGC 3516 գալակտիկաներում բարձր իոնացման աստիճան ունեցող կորոնալ գծերի փոփոխականության առաջին հայտնաբերումներին, ինչպես նաև մի շարք ակտիվ գալակտիկական միջուկներում փոփոխականության նոր դեպքերին։
Ներկայացված հետազոտությունները նպաստում են ակտիվ գալակտիկական միջուկներում ընթացող ֆիզիկական գործընթացների և դրանց փոփոխականության մեխանիզմների ավելի խորքային ըմբռնմանը։